ԱՄԷ-ում նկատվել է 2018 թվականի սկզբից MERS-CoV (մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուս (ՄԱՇՀ-ԿոՎ)) կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, որի հիմնական կրողը ուղտերն են, հայտնում է ՌԴ ԱԳՆ Ճգնաժամաիրավիճակային կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կենտրոնը վկայակոչում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական կենտրոնական բյուրոյի կայքը, որտեղ հստակեցվում է, որ «այսօրվա դրությամբ եղած պատկերացումներով ՄԱՇՀ-ԿոՎ-ը կարող է առաջացնել ծանր շնչառական ինֆեկցիա, որը դրսեւորվում է թոքաբորբով»:

«Համաճարակաբանները նշում են, որ կորոնավիրուսով վարակման դեպքերը առավել հաճախ տեղի են ունենում ճանապարհորդությունների ժամանակ, այդ թվում՝ ուղտերով զբոսնելիս,- նշում է պրոֆեսիոնալ տուրիստական պորտալ «Թուրդոմը»: - Սակայն իրավաբանների գնահատականներով՝ նման ուղեւորության եւ հիվանդության միջեւ պատճառահետեւանքային կապն ապացուցելը գործնականում անհնար է. զբոսաշրջիկները ինֆեկցիայով կարող են վարակվել թե՛ հյուրանոցում, թե՛ լողափում, թե՛ օդանավակայանում»:

Պորտալի տեղեկություններով՝ շուկայի մասնակիցները ԱՄԷ-ում հանգստացող զբոսաշրջիկներից դեռեւս տագնապալի ահազանգեր չեն ստացել: