Սաուդյան արքայադուստր Հայֆա բինտ Աբդալլահ Ալ Սաուդը նկարահանվել է Vogue-ի արաբական տարբերակի հունիսյան համարի շապիկի համար, որը նվիրված է թագավորության կանանց ազատագրմանը պահպանողական արգելքներից: Համարում հրապարակված հարցազրույցից քաղվածքներ եւ լուսանկարներ է հրապարակել Erem News պորտալը:

Լուսանկարում թագավոր Աբդալլահ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի (իշխել է 2005-2015 թվականներին) դուստրը, որը հագել է սպիտակ զգեստ եւ սպիտակ գլխաշորով է, նստած է կարմիր կաբրիոլետի ղեկին: Լուսանկարը, որ մակագրված է «Շարժվող ուժ», խորհրդանշում է սաուդյան կանանց համար փոփոխությունները, որոնց արդեն հունիսի 24-ին թույլ կտան ավտոմեքենա վարել:

«Մեր երկրում որոշ պահպանողականներ փոփոխություններից վախենում են, եւ մեծ մասամբ վախն այն ամենն է, ինչը նրանց հասու է, իսկ ես ոգեւորությամբ եմ աջակցում այս փոփոխություններին,- հարցազրույցում նշել է արքայադուստրը: - Արեւմուտքը պետք է հիշի, որ յուրաքանչյուր երկիր յուրահատուկ է, յուրաքանչյուր երկիր ունի իր ուժեղ եւ թույլ կողմերը, սակայն սա մեր մշակույթն է, եւ ավելի լավ է նրան հասկանալ, քան դատապարտել կամ քննադատել»:

Համարում հրապարակվել են նաեւ սաուդյան այլ կանանց լուսանկարներ, որոնք տեղի ունեցած փոփոխություններում առանցքային դերակատարում են ունեցել: Նրանց թվում է ակտիվիստ Մանալ աշ Շարիֆը, որը ղեկավարել է կանանց իրավունքների համար շարժումը, կանանց ֆուտբոլի աստղ Սաջա Քամալը, դերասանուհի Ահդ Քամալը, որը նկարահանվել է Netflix-ի արտադրության սերիալներից մեկում, եւ Ֆաթիմա Բաաշենը՝ Վաշինգթոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան առաջին պաշտոնական կին ներկայացուցիչը: Նրանք բոլորը պատկերված են առանց գլխաշորի: