Transavia ավիաընկերության օդանավը, որը Նիդերլանդներից թռչում էր դեպի Գրան-Կանարիա կղզի, արտակարգ վայրէջք է կատարել Պորտուգալիայում վատ բուրող ուղեւորի պատճառով:

FoxNews-ի փոխանցմամբ՝ հոտն այնքան անտանելի էր, որ որոշ ուղեւորներ սկսել են փսխել, իսկ ոմանք անգամ ուշաթափվել են: Որոշ ուղեւորներ հայտարարել են, որ այնպիսի զգացողություն էր, կարծես տղամարդը չէր լողացել մի քանի շաբաթ:

Հրապարակման համաձայն՝ անձնակազմի անդամները փորձել են պահել «հոտավետ» ուղեւորին զուգարանում, մինչ ինքնաթիռը վայրէջք կկատարեր Պորտուգալիայի Ֆարո քաղաքում, որտեղից եւ նրան իջեցրել են օդանավից: Ավիաընկերությունում հայտարարել են, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել «բժշկական պատճառներով»՝ հաստատելով, որ ուղեւորներից մեկից «հոտ էր գալիս»: