ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը 2018 թ.-ի ընթացքում ռիսկի վրա հիմնված ստուգումներ եւ հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել հանրային սննդի, առեւտրի օբյեկտների, սպասարկման եւ ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դրանց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար:
Իրականացվել է 70 ստուգում եւ 336 հրդեհատեխնիկական հետազոտություն (այդ թվում՝ Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման շրջանակներում՝ 11 ստուգում եւ 38 հրդեհատեխնիկական հետազոտություն):
Ստուգումների եւ հետազոտությունների ընթացքում ի հայտ են բերվել հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ, որոնցից ամենատարածվածն են.
- հակահրդեհային պաշտպանության հիմնական ինքնաշխատ համակարգերի (հրդեհաշիջման, հրդեհի ազդանշանման, հակածխային պաշտպանության) բացակայությունը.
- բացակայում է ներքին հակահրդեհային ջրացանցը, իսկ եղածները կահավորված չեն համապատասխան հրշեջ գույքով՝ փողրակներով ու փողակներով.
- առկա են խնդիրներ՝ կապված տարհանման ելքերի հետ (հատկապես՝ նկուղային ու վերին հարկերից).
- արտադրական վտանգավոր օբյեկտները, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, չեն գրանցվել պետական ռեեստրում եւ չեն անցել ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննություն.
- էլեկտրական համակարգում առկա են էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոնների խախտումներ.
- օբյեկտներն ապահովված չեն բավարար քանակության կրակմարիչներով.
- հիմնականում բացակայում են վթարային լուսավորությունը, տարհանման պլան-սխեմաները, ելքերի ցուցիչները.
- անձնակազմը բավարար չափով չի տիրապետում հրդեհի դեպքում գործելակարգին, եւ այլն:
Հրդեհների եւ տեխնածին վթարների կանխարգելման, հետեւանքների վերացման, դրանց հետեւանքով հասարակությանը եւ տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաեւ բնակչության եւ շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով նամակներ են ուղարկվել 300-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների` իրազեկելով հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտի նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների, ինչպես նաեւ՝ դրանց չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը եւս մեկ անգամ հիշեցնում եւ հորդորում է տնտեսվարողներին «Հրդեհային անվտանգության մասին» եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների համաձայն ապահովել հրդեհային եւ տեխնիկական անվտանգության պահանջների կատարումը:
Ստորեւ ներկայացվում է ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության կողմից շուրջ 70 օբյեկտներում իրականացված ռիսկի վրա հիմնված ստուգումների ցանկը:





























