Ավստրիայի իշխանությունները Վիեննայի եւ հարեւան շրջանների երկնքում օդային տրանսպորտի երթեւեկության սահմանափակումներ կմտցնեն հունիսի 5-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ավստրիա կատարելիք այցի ժամանակ։ Այս մասին հաղորդել է հանրապետության պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ավստրիայի զինված ուժերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցի եւ դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ հանդիպման առնչությամբ ուժեղացված կարգով կապահովվեն վերահսկողությունն Ավստրիայի օդային տիրույթում։ Այս առնչությամբ օդային տրանսպորտի երթեւեկության սահմանափակումներ կմտցվեն Վիեննայի մի հատվածի, Ստորին Ավստրիա եւ Բուրգենլանդ դաշնային հողերի երկնքում»,-նշված է հաղորդագրությունում։
Ընդհանուր առմամբ, այցի եւ տեղի բնակչության անվտանգությունն օդից ապահովելու համար կներգրավվեն ավելի քան 800 զինծառայողներ, 10 ռազմական ինքնաթիռներ եւ 7 ուղղաթիռներ։
Երկրի ՊՆ-ում նապազգուշացրել են, որ ռազմական ինքնաթիռների եւ ուղղաթիռների կիրառմամբ պարեկությունը կարող է բարձրացնել աղմուկի մակարդակը Վիեննայի երկնքում, ուստի տեղի բնակիչներին խնդրել են ըմբռնումով մոտենալ։





























