Գյումրիի դպրոցներից մեկի բակում 2016թ.-ի հոկտեմբերին անչափահասին դանակահարության մեջ մեղադրվող, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալադդինը դատապարտվեց պայմանական ազատազրկման:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Ալադդինին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով: Դատարանի որոշմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալադդինը Գյումրիի բնակիչ Դավիթին ծաղրելու հարցի շուրջ վերջինիս առաջարկով նրա հետ պարզաբանումներ կատարելու նպատակով ընկերների հետ 2016թ. հոկտեմբերի 16-ին թիվ 19 ռուսական դպրոցի հետնամասում հանդիպել է Դավիթին և նրա ընկերներին: Նրանց միջեւ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ինչի ընթացքում Տիգրանը մետաղյա խողովակով 2 անգամ հարվածել է Ալադդինին, իսկ նա Տիգրանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով 1 անգամ հարվածել է կրծքավանդակի հետին մասին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Նշենք, որ նախնական տվյալներով, վիճաբանության պատճառը եղել է այն, որ դպրոցում սովորող ռուս տղաներից մեկը հայ աշակերտին «բրեկետ» է անվանել, երկու կողմն իր ընկերների հետ հավաքվել է դպրոցի հետնամասում, որտեղ էլ վիճաբանությունը վերածվել է դանակահարության: Նշենք, որ Ալլադդինի հայրը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինվորականներից է:





























