ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից Թուրքիայի Հաթայ քաղաքը աշխարհի 26–րդ գաստրոնոմիական քաղաք հռչակելուց հետո շրջանի միակ հայկական Վագըֆ գյուղում ավանդական ուտեստների պատրաստման եւ մատուցման վերապատրաստումներ են անցկացնում։
Թուրքական Sabah–ի փոխանցմամբ՝ Հաթայի նահանգապետարանի եւ Վագըֆ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Վագըֆ գյուղի 28 հայ կին 550 ժամ տեւողությամբ ուտեստների պատրաստման ու մատուցման վերապատրաստման դասընթացների կմասնակցեն։
Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Ջեմ Չափարը նշել է, թե ծրագրի հիմնական նպատակը գործազուրկ կանանց համար նոր հեռանկարներ ստեղծելն է։
Նշենք, որ Վագըֆ գյուղը Կիլիկիայի Սուետիայի շրջանի 6 գյուղերից մեկն է, որոնց բնակինչեը հանդիսացել են հերոսական Մուսալեռան հերոսամարտի մասնակիցները։ 1939-ին Ֆրանսիան Ալեքսանդրեթի սանջակը հանձնեց Թուրքիային։ Վագըֆը հանդիսանում է Թուրքիայի վերջին ու միակ հայաբնակ գյուղը։





























