Ջրի սակագները պարբերաբար կավելանան մինչեւ 2023 թվականը: Այս մասին հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատակիցների միության նախագահ Ատոմ Սարգսյան: Նա նշեց, որ դա տեղի կունենա այն պարզ պատճառով, որ նախատեսված է Հայաստանի կառավարության եւ «Վեոլիա ջուր» ընկերության միջեւ կնքված պայմանագրով:

«Բնակարանային կոմունալ ոլորտի հիմնական խնդիրն այն է, որ քաղաքացիները պատշաճ կերպով չեն իրազեկվում, թե ինչ պատճառով են փոփոխվում այս կամ այն կոմունալ ծառայությունների սակագները, եւ նախարարների նոր կաբինետը պետք է աշխատի այդ ուղղությամբ»,- նշեց նա:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյան իր հերթին հայտարարեց, որ Հայաստանում ջրի սակագների հետ կապված լուրջ խնդիր կա: «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագրի կնքումից հետո ջրի սակագնի 11 դրամով ավելանալը՝ մինչեւ 180 դրամ մեկ խորանարդ մետրի դիմաց, անակնկալ դարձավ քաղաքացիների համար: Այժմ, ըստ պայմանագրի, ջրամատակարարման եւ ջրահեռացման համար սակագինը պետք է 191.41 դրամ կազմի մեկ խորանարդ մետրի դիմաց»,- նշեց Չիլինգարյանը:

Ընդհանուր առմամբ, շարունակեց նա, կոմունալ ծառայությունների սակագները, այդ թվում՝ գազի եւ էլեկտրաէներգիայի, ինչպես նախկինում հայտարարվել էր իշխանությունների կողմից, չեն փոխվի: «Թերեւս՝ մինչեւ օգոստոս, քանի որ չի կարելի ցանկացած պահի բարձրացնել գազի կամ ջրի սակագները: Գազի ներկայիս սակագինը բավականին մատչելի է հայ սպառողների համար, սակայն էլեկտրաէներգիայի սակագները անհիմն բարձր են», - գտնում է ՀԿ-ի ղեկավարը: