ԱԱԾ-ի լավագույն օպերացիան կարող է տապալվել դատարաններում, քանի որ դատական համակարգը կոռումպացված է: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:

Վերջինս համաձայնեց պատգամավորի դիտարկման հետ՝ նշելով. «Պետք է Հայաստանում այնպիսի միջավայր ստեղծել, որ բոլորն օրենքի առջեւ հավասար լինեն:

Դատական համակարգն այսօր օրենսդրությունն այնպիսին է, որ գրեթե անկախ է եւ մենք որեւէ միջամտության հնարավորություն չունենք թե նշանակումների, թե ազատումների, թե իրենց որոշումների կայացման հարցերում:

Մենք որպես ԱԱԾ պետք է կատարենք օրենքով մեզ վերապահված լիազորությունները եւ կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ տեղեկություններ ստանալու դեպքում իրականացնենք մեր լիազորությունները: Իսկ որ մենք շատ վճռական ենք տրամադրված առհասարակ կոռումպացված բոլոր պաշտոնյաների նկատմամբ, դա ժամանակը ցույց կտա: Կարծում եմ՝ իմ աշխատանքի  այս կարճ ժամանակահատվածում դուք նախադրյալները տեսել եք, որ վճռական ենք տրամադրված»: