Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Լոռու մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանին։
Ներկայացնելով նորանշանակ մարզպետին եւ շնորհակալություն հայտնելով նախորդ մարզպետին կատարած աշխատանքի համար` նախարար Պապիկյանը կարեւորել է ներկաների դերակատարությունը պետության հետագա զարգացման գործում` ընդգծելով համայնք, մարզպետարան, կառավարություն կապի նշանակությունը, միաժամանակ հավելելով, որ այս գործընթացում առանցքային է իշխանության անցնցում փոխանցումը։
Անդրադարձ կատարելով ՏԻՄ-երի աշխատանքի թափանցիկությանն ու հաշվետվողականությանը՝ նախարարը նշել է. «Ունենալով իրավունքներ՝ մենք պետք հիշենք նաեւ, որ ունենք պարտականություններ մեր քաղաքացիների, մեր համայնքների բնակիչների առջեւ: Ձեր թափանցիկ գործունեությունը պետք է դառնա վաղվա Հայաստանի ամուր հիմքը»։ Նա հորդորել է համայնքներում ավելի հասանելի դարձնել կատարված աշխատանքների, սեփական եկամուտների հավաքագրման, գնումների, որոշումների կայացման գործընթացները:
Նախարարը տեղեկացրել է համայնքների օտարվող հողերի առցանց հարթակի ստեղծման նախաձեռնության մասին, ըստ որի տարվա ընթացքում օտարման ենթական համայնքային հողերի եւ անշարժ գույքի մասին ամբողջ տեղեկատվությունն առցանց հասանելի կլինի: Սրանով կբացառվեն տարվա ընթացքում օտարման մասին ավագանու կողմից ընդունվող կամայական որոշումները, ինչպես նաեւ կհեշտացվեն այս կամ այն համայնքում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցողների կողմից տեղեկատվություն ստանալու գործընթացները:
Նախարար Պապիկյանը ընդգծել է նաեւ մարզերի զարգացման բիզնես-պլանների պատրաստի փաթեթներ ունենալու անհրաժեշտությունը` ներդրում կատարելու ցանկություն ունեցողներին գործնական առաջարկների փաթեթներ ներկայացնելու նպատակով եւ շեշտել, որ առաջիկայում յուրաքանչյուր մարզ առնվազն 10 ծրագիր պետք է ներկայացնի նախարարություն: Նախարարը հորդորել է ներկաներին իրենց գործունեության առանցքը դարձնել ՀՀ սահմանադրությունը եւ օրենքի գերակայությունը եւ հաստատակամորեն առաջնորդվել պետական շահի գերակայության գիտակցումով։
Նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ նշել, որ կարվի հնարավորը` մարզի համաչափ զարգացման, իր առջեւ դրված խնդիրների լուծման ուղղությամբ:




























