Երբ ԱԱԾ-ն ասում է՝ կլինեն բացահայտումներ, բոլոր վախվորած մարդիկ սպասում են, որ այդ բացահայտումների մեջ իրենք լինեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

«Արդյոք այս իրավիճակում ճի՞շտ է նման հայտարարություններ անելը ԱԱԾ տնօրենի կողմից»,-դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ասաց Բոստանջյանը:

Ի պատասխան Վանեցյանն ասաց. «Մեր պրոֆեսիոնալիզմի մակարդակն այնպիսին պետք է լինի, որ կարողանանք բավարար ապացույցներ ու հիմքեր ստեղծենք, որ այդպիսի մարդիկ չկարողանան թաքցնել իրենց կատարած հանցագործությունն ու փախչել»:

ԱԱԾ տնօրենն ասաց, որ երբ նշանակվեց այդ պաշտոնում, փորձել է պահել ավանդույթները եւ չշփվել լրատվամիջոցների հետ կամ դա նվազագույնի հասցնել, բայց եղան շատ շահարկումներ. «Ես ստիպված եղա շփվել եւ դա շատ դրական արդյունքներ տվեց այն առումով ԱԱԾ-ին բնակչության մի մեծ զանգված սկսեց վստահել: Ես այդ վստահությունն զգում եմ դիմում բողոքների քանակից, աշխատանքի ընդունվել ցանկացողների քանակից: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի գործողություններին, մեր աշխատանքի հիմնական ուղղությունները հետախուզությունն ու հակահետախուզությունն է, որի մասին չենք բարձրաձայնում»,-ասաց Վանեցյանը:

Ինչ վերաբերում է տնտեսվարողների մոտ վերջին բացահայտումներին, Վանեցյանն ասաց, որ դա ժամանակի պահանջն է, որն արագորեն կվերջանա. «Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն չպետք է զբաղվի այլ գերատեսչությունների գործառույթներով: Այսօր ես ստիպված, ելնելով ինչ-ինչ հանգամանքներից զբաղվում եմ այդ գործառույթներով: Կարծում եմ՝ առաջիկայում ՊԵԿ-ը, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը կսկսեն զբաղվել այդ գործառույթներով: Մեր ծառայությունը կստանա տեղեկատվություն եւ կփոխանցի ՊԵԿ-ին ու  ոստիկանությանը»,-ասաց նա: