2017 թվականի պետական բյուջեում ԱԱԾ-ի պահպանման ծախսերը նախատեսվել են շուրջ 20 մլրդ 528 մլն դրամ, որի կատարողականը կազմել է 98.52 տոկոս: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով, միայն աշխատանքի վարձատրությունը կազմել է՝ այդ գումարի 83 տոկոսը:
«Իրականում մենք ունենք կադրերի մեծ պակաս, որը հիմնականում պատճառն այն է, որ աշխատավարձերը շատ ցածր են: Ժամանակակից աշխարհում մենք պետք է ունենանք տեղեկատվական ոլորտի գիտելիքներ ունեցող մասնագետներ, որոնց աշխատավարձը ԱԱԾ-ից դուրս 3-4 անգամ ավելի է: Բացի այդ, նրանք ապրում են ազատ կյանքով, ոչ ոք չի ցանկանում գալ ապրել ԱԱԾ-ի սահմանափակ, զինվորականի կյանքով, որտեղ կան սահմանափակումներ: Մեր հիմնական խնդիրը հաջորդ տարի աշխատավարձերի բարձրացումն է, որպեսզի այն լինի զգալի»,-հայտարարեց Վանեցյանը:





























