Շատինում ճանապարհը բաց է, խնդիրները՝ լուծված: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Շատին համայնքում, մոտավորապես 7 ամիս սկսած խնդիրները, որ ժամանակավոր լուծումների միջոցով առկախվել էին, այսօր վերջնական լուծում գտան: Հիմա բացատրեմ՝ ինչումն է խնդիրը. Շատին համայնքը Եղեգիս խոշորացված համայնքի մաս է կազմում եւ այդ գյուղի բնակիչներն ընտրություններից անմիջապես հետո չէին ընդունել Եղեգիսի համայնքապետի ընտրության արդյունքները, տարբեր բողոքի ակցիաներ էին անցկացրել, հանգել էին վերջնական եզրակացության, որ Շատին համայնքը, որը հանդիսանում է Եղեգիս խոշորացված համայնքի կենտրոնը, ունենա իր վարչական ներկայացուցիչը:
Կառավարության որոշումով՝ այդ տեղը սահմանվել էր, բայց ամիսներ շարունակ այդ գյուղը չի ունեցել իր ներկայացուցիչը»,-մանրամասնել է Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ 3 - օրյա ժամկետում շատինցիները իրենց թեկնածուներին կներկայացնեն եւ 14-օրյա ժամկետում նոր վարչական շենք կհատկացվի:
Հիշեցնենք, որ նախօրեին Վայոց ձորի Շատին համայնքի բնակիչները վաղ առավոտից փակել էին Վայոց ձորից Գեղարքունիք տանող Սելիմի ավտոճանապարհը եւ պահանջում են խոշորացված Եղեգիս համայնքի ղեկավարի հրաժարականը, ով բնակիչների հայտարարությամբ՝ համայնքում բացարձակապես աշխատանքներ չի կատարում։



























