Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին երաժշտական ռադիոհաղորդում կվարի, որի ընթացքում ունկնդիրներին կառաջարկի ծանոթանալ իր սիրելի երգերին եւ մեղեդիներին: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են Tokyo FM-ի մամուլի ծառայությունում, որտեղ օգոստոսի 5-ից կթողարկվի հեղինակային RUN & SONGS ծրագիրը:

«Պարոն Մուրակամին հայտնի է իր տարվածությամբ վազքով, նա բազմիցս մասնակցել է մարաթոններին: Իր հաղորդման ընթացքում նա երգեր եւ մեղեդիներ կմիացնի, որոնք լսում է վազելու ընթացքում: Պարոն Մուրակամին պատանի տարիքից տարված է նաեւ ջազ երաժշտությամբ, սակայն մենք որևէ բան չենք կարող ասել այն մասին, թե ինչպիսի ստեղծագործություններ է նա առաջարկելու ունկնդիրներին»,- նշել է ռադիոկայանի ներկայացուցիչը:

Հեղինակային ռադիոհաղորդման մասին լուրն աղմուկ էր առաջցրել, քանի որ Մուրակամին հայտնի է նրանով, որ գրեթե հարցազրույց չի տալիս ձայնագրությամբ: Այժմ Tokyo FM-ը հատուկ կայքում հարցեր է հավաքագրում, որոնք ունկնդիրները կցանկանային տալ գրողին: Ինքը՝ Մուրակամին, իր մեկնաբանության մեջ հայտնել է, որ մտադիր է հնչեցնել ոչ այնքան հայտնի մեղեդիներ: Նշենք, որ Մուրակամիի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 40 լեզվով: