Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրը միայն թեքահարթակների պակասը չէ, տրանսպորտի եւ հասարակական վայրեր մուտք գործելու մատչելիության խնդիր կա: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Սայլակները կան, բայց մարդիկ տեղաշարժի խնդիրներ ունեն»,-ասաց նա:
Ի պատասխան Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նկատեց, որ սխալ է պատկերացումը, թե այս հարցը կարելի է լուծել միայն մեր նախարարության շրջանակում: Այդ խնդիրները պետք է լուծվեն ԿԳՆ-ի, տրանսպորտի ու քաղաքաշինության նախարարությունների հետ համատեղ: Բոլոր հաստատությունները, որտեղ մարդը շփվում է, պետք է ներգրավված լինեն խնդիրների լուծմանը»:
Երեւանի փոխքաղաքապետ Կանո Արեյանն իր հերթին նշեց, որ այս պահին քաղաքում կա մոտ 3 հազար թեքահարթակ, 20 ավտոբուսներ կահավորված են վերելակներով, թեեւ օգտվողները քիչ են. «Ունենք վերելակով վերգետնյա անցում Երեւանում: Քաղաքաշինական նպաստավոր միջավայրի հարցում պայման է դրվել քաղաքապետարանի կողմից, որ կառուցապատվող շենքը պետք է համապատասխանի այսպիսի նորմատիվների: Սակայն ժամանակին բազմաթիվ հասարակական շենքեր չեն համապատասխանել այդ պահանջներին»:




























