Քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող մարդիկ ուզում են աշխատել, ինչ է արվում այդ ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը:
«Գուցե արդարադատության նախարարության հետ համատեղ այս խնդրին լուծում տրվի: Մեծ խնդիր է այդտեղ, որովհետեւ մարդիկ նախկինում աշխատել են, այդ աշխատատեղերը եղել են, բայց այսօր չունեն այդ հնարավորությունը», - նշեց պատգամավորը։
Ի պատասխան Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ թեեւ այստեղ աշխատանքի առումով քաղաքացիներին լայն ընտրություն հնարավոր չէ տալ, հնարավորությունը սահմանափակ է, ինչը իրավունքների առումով նաեւ խնդիրներ է առաջացնում, սակայն նաեւ հավելեց, որ արդարադատության նախարարության հետ կաշխատեն եւ կքննարկեն մարդկանց աշխատանքով ապահովելու հնարավորությունները:
Հրաչ Հակոբյանն էլ հավելեց, որ ժամանակին եղել են քարի արտադրամասեր. «ՔԿՀ-ների աշխատանքը կթեթեւացնի այդ խնդրի լուծումը: Կալանավորները աշխատանքից հոգնած գալիս են, եւ շատ հարցեր տեղն են ընկնում, օրինակ՝ թղթախաղը եւ այլն։ Նրանք ժամանակ չեն ունենա, այնպես որ խնդրում եմ՝ ուշադրություն դարձրեք այս հարցին»։





























