Ջրաշենցի 4-ամյա Կարինեի մահվան համար 3 տարվա ազատազրկման դատապարտված՝ «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի նախկին վարիչ Անահիտ Պետրոսյանը որոշել է այլեւս չլռել: Բաց ռեժիմով պատիժը կրող բժշկուհին պնդում է՝ իր դեմ պատվեր է կատարվել եւ անուններ է տալիս՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան եւ «Արմավիր» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սարգիս Խաչատրյան:
NEWS.am-ի հետ զրույցում Անահիտ Պետրոսյանը պատմում է, որ 4-ամյա երեխան հիվանդանոց է ընդունվել 2015թ.-ի հունիսի 16-ին, վիճակը եղել է նորմալ, հիվանդանոց է եկել ծնողների ձեռքը բռնած, ժամեր անց է միայն վիճակը վատացել: Փոքրիկը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ 15 րոպե անց մահացել է:
«Երեխայի մահվան պատճառը տոքսիկ շոկն է եղել, ժողովրդի լեզվով ասած, թույնն արյան մեջ է անցել: Իմ մեղավորությունն ընդհանրապես չի եղել, այդ ժամանակ նույնիսկ մտածեցի՝ ինչ լավ է, որ ես ամեն ինչ արել եւ իմ մեղավորությունը չկա: Դրանից հետո 6 ամիս ես աշխատել եմ՝ չմտածելով, որ իմ գլխին կարող են սարքել»,- նշում է բժշկուհին:
Անահիտ Պետրոսյանի խոսքով, հենց այդ ժամանակ էր, որ որոշում կայացվեց փակել իրենց ինֆեկցիոն բաժանմունքը, քանի որ Աշոտ Ղահրամանյանն ու Սարգիս Խաչատրյանը ցանկանում էին այնտեղ մասնավոր դիագնոստիկ կենտրոն բացել: Բաժանմունքի վարիչը, սակայն, այդ հարցով դիմել է վարչապետին, նախագահին, ինչից հետո ոոշումը փոխվում է եւ բաժանմունքը չի փակվում. «Մեր դիմումները հասնում էին մարզպետարան եւ իրենք մտածելով, որ ես եմ դրա հետեւում կանգնած, որոշում են ինձ պատին դեմ տալ: Հոկտեմբերի վերջին պետք է գործուղման մեկնեի, ինձ թույլ չեն տալիս, ասում են, որ իմ դեմ քրեական գործ կա հարուցված, ես մեղադրվում եմ ջրաշենցի 4-ամյա Կարինեի մահվան մեջ: Դատաբժշկական փորձաքննությամբ որեւէ սխալ չի հայտնաբերվել, բայց հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության մասնակիցները հայտարարում են, որ ես պետք է միանգամից երեխային տեղափոխեի վերակենդանացման բաժանմունք: Բայց ես ինչպե՞ս դա կարող էի դա անել, եթե երեխայի վիճակը հիվանդանոց գալիս եղել է լավ, գիտակցություն է ունեցել, քայլել է: Անհիմն մեղադրանք էր, վստահ էի, որ ինձ կարդարացնեն, բայց ինձ դատապարտեցին ազատազրկման»:
Անահիտ Պետրոսյանը բողոքում է նաեւ, որ մահացած փոքրիկի հարազատներն իրենից նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցում են պահանջում: Նշենք, որ որպես նյութական վնասի փոխհատուցում ընտանիքը 2 մլն դրամ էր պահանջել, բայց դատարանը որոշել էր բավարարել միայն 890 հազար դրամի մասով: Որպես բարոյական փոխհատուցում էլ բժշկուհուց 15 մլն դրամ էին պահանջել, բայց այս հայցը երեք ատյաններն էլ մերժել էին: Բժշկուհու պնդմամբ, դատարանում մահացած փոքրիկի հարազատները որեւէ փաստաթուղթ չեն ներկայացրել կատարված ծախսերի վերաբերյալ:
«Հիմա այդ մարդիկ իրենց ցավն են սգո՞ւմ, թե՞ ինձ դրամական, նյութական պահանջներ ներկայացնելու հետեւից են ընկել: Առավել եւս որ իմ պատճառով չի մահացել երեխան, երեխային մինչեւ հիվանդանոց բերելը տվել են հավի բդի խորոված, պաղպաղակ, խանութից գնված տորթ: Ընդհանրապես հավի բուդն ինչքան էլ խորովեն, ոսկրային մասում կարմիր է մնում եւ լավ եփված չի լինում, ինֆեկցիան հենց այդտեղ է: Երեխան փսխել է, թողել են մինչեւ հաջորդ օրը ցերեկ, գյուղի բժշկուհին տեսել էր, ասել էր՝ ձեր ապահովության համար տարեք Արմավիրի հիվանդանոց անալիզ տալու: Այսինքն, եթե երեխայի վիճակը վատ լիներ, միանգամից «Շտապօգնությամբ» կտեղափոխեին մեզ մոտ... Եթե սգացող մայրը, հայրը, տատիկը այդքան արդարությունն են ուզում եւ արդարության ջատագովն են, շատ լավ գիտեն, որ իմ մեղքը չկա: Սա պատվեր է իմ դեմ մարզպետի եւ գլխավոր բժշկի կողմից»,- ասում է բժշկուհին:
Նշենք, որ Անահիտ Պետրոսյանը երեք երեխաների մայր է, որոնցից երկուսն անչափահաս են: Նա մեկ տարուց ավելի է՝ ինչ գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, պատիժը կրում է բաց ռեժիմով:





























