Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը վաղուց պետք է հրաժարականի դիմում ներկայացներ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Սահակյանը՝ մեկնաբանելով Մկրտումյանի հրաժարականի փաստը։
«Շատ ուշացած է իր հրաժարականը։ Այդուհանդերձ, արդեն լավ է, որ նա հրաժարական է տվել, սակայն, գտնում եմ, որ դատական համակարգի համար Մկրտումյանի անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Որպեսզի համակարգը ինչ-որ կերպ կայանա, լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա, եւ լուրջ անձանց նշանակելու անհրաժեշտություն կա։ Այս փուլում դրված է վճռաբեկ դատարանի նախագահի նշանակման խնդիրը։ Եւ եթե փորձ է արվելու դատական համակարգը կայացնել, միանշանակ այդ պաշտոնում պետք է նշանակվի այնպիսի անձ, որը ոչ միայն գիտելիքներ ունի, նաեւ կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել։ Ով անցյալում երբեք որեւէ կոռուպցիոն երեւույթի հետ առնչություն չի ունեցել, եւ այդ մասին որեւէ մեկը չի արտահայտվել։ Այսինքն, դատավորը պիտի լինի այնպիսին, որին հանրությունը ճանաչի որպես կոռուպցիային չառնչվող անձ»,- ասել է փաստաբանը։
Հարցին, թե ում է տեսնում, վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում, Լուսինե Սահակյանը պատասխանել է, թե միակ թեկնածուն, որը բավարարում է այդ պահանջներին, վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն է։
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հրաժարականի դիմում է ներկայացրել




























