Ըստ մամուլի հրապարակումների, Հանրային հեռուստաընկերության պատվերների մոտ 75 տոկոսը տրվել է «Շարմ Հոլդինգին», որի 50 տոկոս բաժնետերը ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Նա դիմելով Ջաղինյանին նաեւ նշեց. «Մամուլում հրապարակում կա, որ դուք երկու բնակարան եք գնել Հյուսիսային պողոտայում: Որքանով է սա համապատասխանում իրականությանը: Նաեւ մեկնաբանեք տեղեկությունը, որ Հանրային հեռուստաընկերության շենքը գրավադրված է»:

Ի պատասխան Ջաղինյանը նշեց, որ բնակարաններ ձեռք է բերել մինչեւ պաշտոնը ստանձնելը եւ հավելեց, թե չի կարող ամեն ասեկոսեի պատասխանել. «Մեր ֆորմատը մի քիչ այլ է, եթե կանոնակարգից դուրս գանք, ես պատրաստ եմ հանդիպել Ձեզ հետ, ամեն ինչ Ձեզ ցույց տալ, եթե դա ձեզ կգոհացնի»:

Էնֆիաջյանն արձագանքեց, որ սրանք հրապարակային հարցեր են եւ հուզում են նաեւ հասարակությանը, դրա համար հրապարակային է տալիս, ոչ թե առանձին է հանդիպում:

Ինչ վերաբերում է պատվերների 75 տոկոսը «Շարմ Հոլդինգին» տալուն, Ջաղինյանն ասաց, որ Հանրային հեռուստաընկերությունը դրանք պատվիրում է ոչ թե «Շարմ»-ին, այլ outsource մի քանի ընկերության, որոնց թվում է նաեւ «Շարմը», եւ նրանք որակով պատրաստում են ծրագրեր:

Ջաղինյանը նշեց նաեւ, Հնարային հեռուստատեսության շենք-շինությունների շարքում կային այնպիսիք, որոնք սեյսմիկ վատ վիճակում էին, եւ դրանցից մեկը «Երեւան ստուդիայի» շենքն է. «Հանրայինի կարեւոր շենքը գրավադրված չէ, գրավադրված է միայն այդ մի շենքը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հավելեց, որ 2013թ.-ին կառավարության որոշմամբ հաստատվել է, որ որոշ մասնաշենքեր անհրաժեշտ է ապամոնտաժել, քանի որ դրանք 3-րդ ու 4-րդ կարգի վթարայնության շենքեր են: Նույնիսկ մինչեւ ապամոնտաժումը, ըստ նրա, շենքերից մեկը փլուզվել է: Դա անգամ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ «Երգ երգոցի» ստեղծագործական կազմն անցնում էր այդ հատվածով: Մենք ապամոնտաժեցինք բոլոր երեք շենքերը, որոնցից երկուսը ամրակցված էին «Երեւան ստուդիայի» շենքին: Ապամոնտաժելու ժամանակ «Երեւան ստուդիայի» շենքը պետք  էր ամբողջովին կապիտալ վերանորոգել: Քանի որ շենքն արդեն փլուզված էր, մեզ անհրաժեշտ էր միանվագ գումար, որի միակ եղանակը վարկային միջոցներ ներգրավելն էր, իսկ պարտավորությունը կատարելու համար գրավադրվել է «Երեւանի ստուդիայի» մասնաշենքը, որը երեք հարկով ամբողջովին վերանորոգվել է, որտեղ գտնվում է լրատվական ծառայությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ մնացել է երկու տարվա մարում, որից հետո կունենան կապիտալ նորոգված շենք: