Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով անհայտ կորածների թիվը կազմել է մոտ 200 մարդ: Այս մասին հայտնել է Գվատեմալայի տարերային աղետների հետեւանքների նվազեցման ազգային ծառայության ղեկավար Սերխիո Կաբանյասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Անհայտ կորած 192 մարդ կա: Հայտնի են նրանց անունները, տարիքը եւ որ բնակավայրերից են եղել»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կաբանյասը:

Գվատեմալայի դատական գիտությունների ազգային ինստիտուտից հայտնել են, որ հայտնաբերվել է զոհվածների 75 մարմին, որոնցից ճանաչվել են միայն 23 մարդու մասունքները:

Ավելի վաղ ինստիտուտի տնօրեն Ֆանուել Գարսիան հայտնել էր, որ Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 72: Եվս 35 մարդ հիվանդանոցներում էին, նրանցից մեծ մասի վիճակը կրիտիկական էր: