Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային: 

Վարչապետի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարեւորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ սերտ  համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է իրականացվող ծրագրերի եւ միջոցների ծախսման արդյունավետության, ինչպես նաեւ ֆինանսական ոլորտում կարգապահության բարձրացումը:

ԱՄՀ մշտական ներկայացուցիչը վարչապետին է ներկայացրել հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները: Յուլիա Ուստյուգովան վստահություն է հայտնել, որ նոր կառավարության հետ համատեղ ԱՄՀ-ն կկարողանա արդյունավետ կերպով նպաստել Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: ԱՄՀ մշտական ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը եւ ընդգծել, որ մեր երկիրն այս առումով կարելի է համարել օրինակելի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության  ծրագրով տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հարկային եւ մաքսային վարչարարության բարելավման, կենսաթոշակային համակարգի ուղղությամբ նախատեսվող բարեփոխումների, ինչպես նաեւ երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ: