Ազգային ժողովում, այսօր՝ հունիսի 7-ին, ՀՅԴ խմբակցության նորընտիր պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը երդվեց:

Երդման տեքստում ասվում է. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային եւ համամարդկային արժեքների պահպանման համար»:

Նշենք, որ նա փոխարինել է պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանին:

Ավելի վաղ ՀՅԴ խմբակցությունից մանդատից հրաժարվել էր նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վերջինիս փոխարեն խորհրդարան կգա ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ հորիզոնականը զբաղեցնող Ռուզան Առաքելյանը, իսկ արդեն Արմեն Բաբայանի փոխարեն խորհրդարան կանցնի Սպարտակ Սեյրանյանը:

Հիշեցնենք, որ Աղվան Վարդանյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է մայիսի 3-ին, ինչը նշանակում է, որ այսօր լրանում է դիմումը հետ վերցնելու ժամկետը:

Աղվան Վարդանյանը մայիսի 1-ին չէր մասնակցել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու քվեարկությանը, թեեւ ՀՅԴ-ն որոշել էր կողմ քվեարկել: Նրան նաեւ հեռացրել են ՀՅԴ շարքերից: