ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» եւ տեղեկատու հեռախոսահամարներով 2018թ. մայիս ամսին ստացվել է 78 հեռախոսազանգ:
Նախարարության «Թեժ գծի» հեռախոսահամարին զանգահարած քաղաքացին դժգոհությունն է հայտնել «Հյուսիսային ավտոկայարանի» սանիտարահիգիենիկ վիճակի մասին։ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ից քաղաքացուն տեղեկացրել են, որ ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները հանձնվել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը, որտեղ ներկայում քննարկվում է տվյալ խնդրի լուծումը:
«Թեժ գծին» զանգահարած մի խումբ այլ քաղաքացիների դժգոհությունն էլ հարուցել էր «Կիլիկիա» ավտոկայարանում իրականացվող տոմսերի վաճառքի խնդիրը: Ըստ նրանց՝ ավտոկայարանում նախապես տոմս չի վաճառվում, քանի որ տոմսավաճառներ չկան: «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն քաղաքացիներին տրված պարզաբանման մեջ նշել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից ընկերության 2018 թ. հաստատված հաստիքացուցակում տոմսավաճառների հաստիքներ ներառված չեն: Ուստի ընկերությունը դիմել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ մեկական անձանց հետ, որպես տոմսավաճառ, քաղաքացիաիրավական ժամկետային պայմանագրեր կնքելու թույլտվություն ստանալու հարցով:
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ 76 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական եւ օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:




























