Թուրքիայի իշխանությունները հնարավոր է չեղարկեն արտակարգ դրությունը հունիսի 24-ին կայանալիք արտահերթ ընտրություններից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է AFP–ն։
«Ընտրություններից հետո մենք մանրամասն կքննարկենք արտակարգ դրությունը եւ կարող է դրա չեղարկման հարց առաջանալ»,–հայտնել է Էրդողանը։ Նախկինում նա պնդում էր, որ արտակարգ միջոցառումները չեն չեղարկվի մինչեւ «ահաբեկչական» սպառնալիքն ամբողջությամբ չվերանա երկրից։
Արտակարգ դրությունը Թուրքիայում մտցվել է 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո։ Լայնամասշտաբ ճնշումների արդյունքում ձերբակալվել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Ավելի քան 100 հազար պետական ծառայողներ, զինվորականներ ու լրագրողներ աշխատանքից հեռացվել են հեղաշրջման կազմակերպման գործում ներգրավված լինելու պատրվակով։





























