Կառավարությունն այսօր՝ հունիսի 8-ի իր նիստում ընդունեց «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու որոշման նախագիծը:

հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ նախագծով նախատեսվում է զբաղվածության քաղաքականության բարեփոխումներ իրականացնել, հստակեցնում է աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները, վերականգնվում են կասեցված ծրագրերը, մեծացվում է ծրագրերի հասցեականությունը, ինչպես նաեւ կիրառման մեջ է դրվում մինչեւ երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում՝ դայակների ինստիտուտը:

Նախարարի խոսքով, նախագիծը հանրային քննարկում է անցել, լրամշակվել է առաջարկությունների հիման վրա: «Այս նախագիծը կապ ունի սեզոնային զբաղվածության խթանման հետ, գյուղացիական տնտեսությունների աջակցման ծրագիր է՝ հատկապես լեռնային մարզերում: Նաեւ դայակների ինստիտուտի կիարկման որոշում է»:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ թեեւ այս նախագծի հետ կապված առարկություն չունի, բայց ընդհանրապես  խնդիր կա սոցիալական ծրագրերի մասով.

«Ես ուզում եմ խոսել սոցիալական ոլորտում զբաղվածության պետական ծախսերի արդյունավետության մասին: Մենք ներկայում ունենք 14 ծրագիր այդ ոլորտում, առաջարկվում է 15-րդը, եւ ես ուզում եմ հայտարարել, որ այս տասնչորս ծրագրերի մի որոշակի մասը հսկայական կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, եւ պետական միջոցների ուղղակի վատնում եւ շորթում է գնում օդում կախված լուրերի համաձայն: Ես կարող եմ թվարկել մի քանի ծրագիր, որոնք ուղղակի մեծ վատնումների տեղիք են տալիս: Օրինակ աշխատանքի տոնավաճառների կազմակերպման ծրագիրը, գործազուրկներին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցման ծրագիրը, վարձատրվող հասարակական աշխատանքների միջոցով գործազուրկներին ժամանակավոր աշխատանքով ապահովելու ծրագիրը եւ այլն»,-ասաց Միրզոյանը:

Մանե Թանդիլյանն էլ արձագանքեց, որ տիրապետում է նման ինֆորմացիայի, բոլոր ծրագրերը խորքային վերլուծության կարիք ունեն, եւ հույս հայտնեց, որ կհամագործակցեն՝ այդ մեխանիզմները բացահայտելու համար: