ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ այսօր՝ հունիսի 8-ին, կայացել է աշխատանքային հանդիպում մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում մարզպետ
Մարզպետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ դպրոցներն իրենց գործունեությունը պետք է իրականացնեն բացառապես ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ օրենքների շրջանակներում:
Դպրոցներում պետք է բացառվեն կոռուպցիոն ռիսկերը՝ դրամահավաքությունը, հովանավորչությունը, մանկավարժների ընտրությունների ուղղորդումը, ինչպես նաեւ դպրոցները պետք է դառնան ապաքաղաքականացված կառույցներ:
Մարզպետ Ռ. Պետրոսյանը անդրադարձավ դպրոցական խորհուրդների կազմերին, նշելով, որ ենթակա են փոփոխման: Այդ գործընթացը արդեն իսկ սկսված է. դա պայմանավորված է բազմաթիվ մտահոգությունների առկայությամբ եւ ցանկացած բացթողում կստանա համապատասխան արձագանք:
Ազատ քաղաքացի կրթելու տեսլականով պայմանավորված՝ Ռ. Պետրոսյանը հանձնարարեց տնօրեններին կազմել զարգացման ծրագրեր, համագործակցել կրթական ոլորտում գործունեություն իրականացնող տարբեր կազմակերպությունների հետ՝ դպրոցի հետագա գործունեությունը էլ ավելի արդյունավետ դարձնելու համար:
Մարզպետ Ռ. Պետրոսյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել տնօրեններին՝ դպրոցի հետագա գործունեության իրականացման աշխատանքներին, խոստանալով այցելել մարզի բոլոր դպրոցներ եւ տեղում ծանոթանալ խնդիրներին:
Հանդիպման վերջում եղան հարցադրումներ տնօրենների կողմից, ինչպես նաեւ մարզպետի կողմից մի շարք հարցադրումների մասով տրվեցին հստակ հանձնարարականներ:




























