Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP)  կուսակցության նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը նախընտրական մամուլի ասուլիսը բանտում է կազմակերպել եւ սոցկայքերի միջոցով պատասխանել լրատվամիջոցների հարցերին։

Թուրքական Diknen պարբերականի փոխանցմամբ՝ 2016–ից Էդիռնեի բանտում գտնվող Սելահաթին Դեմիրթաշը լրագրողների հարցերին պատասխանել է թուրքերենով, քրդերենով եւ անգլերենով։

Աչքի է ընկել այն պատասխանը, որ քուրդ թեկնածուն շեշտել է, որ ընտրություններում 2–րդ փուլ չանցնելու դեպքում քրդերը չպետք է բոյկոտեն ընտրությունները։

Դեմիրթաշը նաեւ ասել է, որ լուրեր է կարդացել, որ Անգելա Մերկելը Էրդողանին ընտրություններից հետո հրավիրել է Գերմանիա։ «Ես եմ նախագահ ընտրվելու ու Մերկելին «սյուրպրիզ» եմ անելու»,–նշել է Սելահաթին Դեմիրթաշը։

Նշենք, որ Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի են ունենալու հունիսի 24–ին։  Ընտրություններին մասնակցում են 4 հայ թեկնածու, որոնցից երկուսն են անցողիկ տեղում։