Առնվազն չորս մարդու թույլ չեն տվել մուտք գործել Սինգապուր առաջիկայում կայանալիք ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների գագաթնաժողովի անվտանգության հարցում մտավախությունների պատճառով։ Այս մասին հաղորդել է երկրի ներքին գործերի նախարար Կասիվիսվանաթան Շանմուգամը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախարարը հայտնել , որ այդ մարդկանցից մեկին թույլ չեն տվել մուտք գործել երկիր այն բանից հետո, երբ մաքսային ծառայության աշխատակիցները  նրա վարքագիծը վտանգավոր են համարել։

«Նա չի պատասխանել հարցերին, որոնք նրան ուղղել են մաքսային ծառայության սպաները։ Երբ նրանք ստուգել են տղամարդու հեռախոսը, տեսել են, որ նա այցելել է մահապարտ ահաբեկիչների պայթյունների մասին կայքեր։ Մաքսային ծառայության աշխատակիցները որոշել են, որ նրա մուտքը երկիր չի կարելի թույլ տալ»,-հայտնել է ՆԳ նախարարը։

Նա պարզաբանել է, որ տղամարդը ասիական երկրի քաղաքացի է եղել։