ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի նախագահությամբ այսօր՝ հունիսի 11-ին, տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում նախարարի տեղակալը խորհրդի անդամներին ներկայացրել է արդարադատության նախարարի կողմից հաստատված խորհրդի նոր աշխատակարգը, ըստ որի՝ խորհուրդն իշխանական գործառույթներով չօժտված խորհրդակցական մարմին է, որը ձեւավորվելու է  պետական, միջազգային, հասարակական եւ գործարար ոլորտի առավելագույնը 30 ներկայացուցիչներից: Խորհրդի նիստերն անցկացվելու են առնվազն 3 ամիսը մեկ անգամ անդամների մեկ երրորդի պարտադիր ներկայությամբ, խորհրդի օրակարգը ձեւավորվելու է անդամների ներկայացրած առաջարկների հիման վրա, որոնք ընդունվելու են բաց քվեարկությամբ եւ հատուկ կարծիք ներկայացնելու հնարավորությամբ, իսկ փաստաթղթաշրջանառությունն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով:

Սուրեն Քրմոյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է նաեւ, որ առաջիկայում Խորհուրդն ակտիվորեն սկսելու է համագործակցել Վիճակագրական կոմիտեի հետ, որպեսզի Խորհրդի կողմից առաջարկվող երեխաների լավագույն շահին միտված բարեփոխումներն այսուհետ ունենան նաեւ կայուն վերլուծական հիմք: Փոխնախարար Քրմոյանը  տեղեկացրել է նաեւ, որ մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի Անչափահասների արդարադատության խորհրդի էլեկտրոնային կայքը՝ այդպիսով նպատակ ունենալով համակարգել, ամբողջացնել եւ մեկ տեղում զետեղել երեխայի լավագույն շահին միտված բոլոր աշխատանքները:

Այնուհետեւ, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը մասնակիցներին ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության 2019 թվականի տարեկան ծրագրի անչափահասների արդարադատության մատչելիությանն առնչվող միջոցառումների կազմման գործնական աշխատանքները: Հաջորդիվ, ներկայացվել է նաեւ Քրեական օրենսգրքի փոփոխությունները՝ երեխաների իրավունքների պաշտպանության գործում ՄԱԿ-ի չափորոշիչներին համապատասխանության համատեքստում, որին էլ հաջորդել է մասնակիցների միջեւ հարցուպատասխանը եւ առաջարկների ներկայացումը: