ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հունիսի 11-ին, շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարությունը:
Այսօրվա նիստին ամբաստանյալների պաշտպանները միջնորդություններ են ներկայացնում իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու համար: Առաջին միջնորդությունը ներկայացրեց Սասունիկ Կիրակոսյանի պաշտպանը: Նա հայտարարեց, որ Կիրակոսյանի համար անձնական երաշխավորագիր են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը: Պատգամավորները երաշխավորել են նաեւ Հրայր Թոփչյանի ու Գալուստ Գրիգորյանի համար: Մեղադրող Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ մեղադրանքի կողմը չի առարկում: Դատարանը, սակայն, հետաձգեց միջնորդության քննարկումը՝ նշելով, որ այդ հարցին կանդրադառնա խորհրդակցական սենյակում՝ դատական վերջնական ակտ կայացնելիս:
Սպասվում է, որ այսօր միջնորդություն կներկայացնի նաեւ Սեֆիլյանի պաշտպանը: Նշենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր է ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար: «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավոր եւս երաշխավորել է Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու հարցում:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հրապարակած դատավճռով Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, դրան գումարվել է առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկումը: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:





























