ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քերական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին:

Նախնական քննության տվյալներով՝ 2014-2018 թվականներին «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունը տնտեսվարողների հետ տարբեր ժամանակահատվածներում կնքել է շուրջ 15.481.173 ՀՀ դրամ գումարի սննդամթերքի մատակարարման պայմանագրեր, որոնցով վերջիններս պարտավորվել են սննդի ծանրոցներ մատակարարել դպրոց:

Պարզվել է, որ կազմվել են բովանդակությամբ կեղծ արձանագրություններ եւ ակտեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառվել ինչպես ստացված ծանրոցների քանակի, այնպես էլ՝ այդ ծանրոցներում սննդամթերքի տեսակի, չափի եւ սննդի օգտագործման հետ կապված պարագաների վերաբերյալ:

Արդյունքում՝ 697-780 ՀՀ դրամ արժողությամբ սննդի ծանրոցների փոխարեն, փաստացի դպրոց մատակարարվել եւ երեխաներին բաշխվել են մոտ 200 ՀՀ դրամ արժողությամբ սննդի ծանրոցներ, իսկ պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը խաբեության եղանակով հափշտակվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու եւ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: