Հունիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության» տեսչության աշխատակիցների հետ:
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը նախարար Ռոստոմյանին ներկայացրեց ՊՈԱԿ-ի ընթացիկ աշխատանքների մանրամասները, խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Նախարարն անդրադարձավ ՊՈԱԿ-ի սպասարկման ոլորտներին, նոր կանոնակարգերի մշակման գործընթացին, ինչպես նաեւ օրենսդրական դաշտի բարեփոխման նախագծերին: Քննարկվեցին նաեւ նոր ԱՎՕ-ների (արտադրական վտանգավոր օբեյկտ)՝ ռեեստրում գրանցելու, մասնագետների վերապատրաստման հետ կապված հարցերը:
Հ. Ռոստոմյանը եւս մեկ անգամ «Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության» տեսչության պետին հանձնարարեց ուսումնասիրել Երեւանում տեղակայված գազալցակայանների տեխնիկական եւ հրդեհային անվտանգության վիճակն ու համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին:
Գերատեսչության ղեկավարը լսեց նաեւ աշխատակիցներին հուզող հարցերը եւ տվեց մի շարք հանձնարարականներ՝ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:





























