ՀՀ Զինվորական դատախազությունում ամփոփվել են 2018թ. 1-ին եռամսյակի ընթացքում զինված ուժերում պետական շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի եւ կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից իրականացված աշխատանքները եւ դրանց արդյունքները։
Ըստ այդմ՝ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվել է թվով 66 ուսումնասիրություն, որից 35-ը կատարվել է թիկունքային, 9-ը՝ սպառազինության, 8-ը՝ ֆինանսական, 5-ը՝ ռազմաբժշկական, 3-ը՝ կապի, 2-ը՝ ինժեներական, 2-ը՝ հրթիռահրետանային եւ 1-ական՝ կապիտալ շինարարության եւ այլ ծառայությունների գծով։
Այդ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 49 խախտում: Այսինքն խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրությունների շուրջ 75% դեպքերում։ Ելնելով արդյունքնեից՝ ԶՈւ համապատասխան կառույցներին եւ ստորաբաժանումներին տրվել է 8 նախազգուշացում, ուղարկվել է 14 հաղորդում։
2018 թվականի առաջին եռամսյակում իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված 203.324.237 ՀՀ դրամի /նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 61.026.885 ՀՀ դրամ/ վնաս, որից 132.054.143 ՀՀ դրամը կամ 65%-ը արձանագրվել է պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից, մնացած մասը՝ կայազորների զինվորական դատախազությունների:
Հարկ է փաստել նաեւ, որ հայտնաբերված 203.324.237 ՀՀ դրամից 46.518.570 ՀՀ դրամը հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է։
Խախտումները հայտնաբերվել են հիմնականում տրանսպորտային միջոցների շահագործման, գնումների գործընթացի կազմակերպման, տրանսպորտային միջոցների եւ տեխնիկայի շահագործման համար նախատեսված վառելիքի, մատակարարված տարբեր տեսակի ապրանքանյութական միջոցների, հագուստի, սննդամթերքի ստացման, պահպանման եւ օգտագործման ոլորտներում:
2018թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված հիշյալ ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստված 25 նյութից 11-ով պաշտոնատար անձանց կողմից դրսեւորած պաշտոնեական անփութության, պաշտոնեական կեղծիքների, հափշտակությունների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր։
Հարուցված 11 քրեական գործերից 5-ով՝ պաշտոնեական կեղծիքի, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կամ վատնում կատարելու դիտավորությամբ գույքը ոչնչացնելու համար մեղադրանք է առաջադրվել 10 անձի, որոնցից 3-ը՝ զորամասի հրամանատարի տեղակալ, 3-ը՝ ծառայության պետ, 2-ը՝ պահեստապետ եւ 2-ը քաղաքացիական անձ։
Միայն հարուցված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 134.520.935 ՀՀ դրամ:
Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված եւ չվերկանգնված վնասների մի մասի վերաբերյալ քննվում են քրեական գործեր, մյուս մասի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են կամ գտնվում է վեարկանգնման փուլում: Այդ նպատակով կիրառվում են անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ։
2018թ. 1-ին եռամսյակում պետական շահերի պաշտպանության բաժնի եւ կայազորների զինվորական դատախազությունների կողմից քաղաքացիական կամ քրական դատավարության կարգով ներկայացվել է ընդհանուր 8.777.100 ՀՀ դրամ հայացապահանջով 3 հայցադիմում: Դրանցից 2-ով հայցապահանջները բավարվել են ամբողջությամբ, իսկ 1-ով վնասը բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումը դեռեւս չի քննվել։ Օրենքով սահմանված կարգով ներկայացվել է միջնորդություն հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է։ Միջնորդության վերաբերյալ տրված կատարողական թերթը ներկայացվել է կատարման, հարուցվել է կատարողական վարույթ։




























