Աղվերանում հունիսի 13-ին տեղի են ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից համատեղ իրականացվող «Կանայք եւ տեղական ժողովրդավարությունը 2» ծրագրին նվիրված միջոցառումներ: Դրանց մասնակցել է նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Ծրագրի նպատակը տեղական ինքնակառավարման գործընթացներին կանանց ներգրավմանը նպաստելն է:
Ծրագրի շրջանակում վերջերս մեկնարկել է «Կանանց առաջնորդության դպրոցը»՝ Լոռու, Տավուշի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերից ՏԻՄ-ում ընտրված կանանց մասնակցությամբ: Դպրոցի առաջին փուլում ավագանու 24 կին անդամներ եւ համայնքի ակտիվ կանայք ստացել են գիտելիք եւ հմտություններ համայնքային պլանավորման ու կառավարման ոլորտում։ Երկրորդ փուլում դպրոցի մասնակիցները կշարունակեն վերապատրաստվել մի քանի ձեւաչափերով՝ մենթորության, փորձի ձեռքբերման եւ փոխանակման, ինչպես նաեւ դրամաշնորհային փոքր ծրագրերի իրականացման միջոցով:
Միջոցառմանը նաեւ հայտարարված է եղել կանանց մասնակցությունը համայնքային կառավարմանը թեմայով նորարար մտքերի մրցույթ, որին հետևել է #DEMOCoDesign Lab-ը։
«Կանայք եւ տեղական ժողովրդավարությունը 2» ծրագիրը իրականացվում է Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ «Հայաստանում տեղական ինքնակառավարման ծրագրի» շրջանակում:





























