«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը նամակ է ստացել «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ից, որտեղ ասված է.
«Տեղեկացնում եմ Ձեզ, որ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի ս/թ հունվարի 21-ի համարում տպագրված «Քյալյանը բժշկականը գրավ է դրել ամուսնու բանկում` «Պրոմեթեյում» հոդվածում Պրոմեթեյ բանկին վերագրվող տեղեկատվությունը ամբողջությամբ մտացածին է, չի համապատասխանում իրականությանը եւ կարող է վնաս հասցնել Պրոմեթեյ բանկի ավելի քան 20-ամյա գործունեության ընթացքում վաստակած բարի համբավին եւ գործարար հեղինակությանը, մասնավորապես`
1. Հոդվածում նշված անձիք` Սամվել Մայրապետյանը եւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի` Սեդրակ Քոչարյանը որեւիցե ուղղակի կամ անուղղակի մասնակցություն Պրոմեթեյ բանկում չունեն եւ նախկինում նույնպես երբեւիցե չեն ունեցել: Պրոմեթեյ բանկն ունի ընդամենը երկու մասնակից` «ԶՆԳՍ-Պրոմեթեյ» ԲԲԸ` 92.25% մասնակցությամբ եւ ՌԴ քաղաքացի Վազգեն Սիմոնի Գեւորգյան` 7.75% մասնակցությամբ: Հարկ եմ համարում նշել նաեւ, որ հոդվածում նշված անձիք Պրոմեթեյ բանկի մասնակից «ԶՆԳՍ-Պրոմեթեյ» ԲԲԸ-ում որեւէ ուղղակի կամ անուղղակի մասնակցություն եւս չունեն եւ նախկինում նույնպես երբեւիցե չեն ունեցել:
2. Երեւանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի շենքը, ինչպես նաեւ պետական սեփականություն հանդիսացող որեւէ այլ գույք Պրոմեթեյ բանկում գրավադրված չէ եւ նախկինում նույպես երբեւիցե գրավադրված չի եղել:
3. Պրոմեթեյ բանկը երբեւիցե Երեւանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանին որեւիցե վարկ չի տրամադրել:
Հաշվի առնելով վերը նշվածը, պահանջում եմ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի հաջորդ իսկ համարում անհապաղ տպագրել համապատասխան հերքում, ինչպես նաեւ սույն գրությունն ամբողջությամբ: Խնդրում եմ առաջիկայում զերծ մնալ Պրոմեթեյ բանկին վերաբերող չճշտված, մտացածին եւ իրականությանը չհամապատասխանող նյութերի հրապարակումից:
Հարգանքով, «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյան»:





























