Արդեն 20 տարի է Հայաստանի արտադրական, շինարարական, առևտրային և զբոսաշրջային ոլորտում առաջատար դիրք է զբաղեցնում «Եվրոստան Ույուտ» ընկերությունը, որի կողմից առաջարկվող շինարարական նոր տեխնոլոգիաներն ու ինովացիոն լուծումները հաճախորդների կյանքը դարձնում են ավելի հարմարավետ:

Ընկերության ստեղծման շարժառիթների, գործունեության, ձեռքբերումների և նորամուծությունների մասին news.am-ը զրուցել է «Եվրոստան Ույուտ»- ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Տեր-Մարտիրոսյանի հետ:

Ե՞րբ է հիմնադրվել ընկերությունը և ինչո՞ւ է այն անվանակոչվել «Եվրոստան Ույուտ»:

Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին՝ արցախյան պատերազմից հետո: Այդ տարիներին, երբ այն նոր էր սկսել գործունեություն ծավալել, խնդիրները շատ-շատ էին։ ճգնաժամի հետևանքով մի շարք գործարաններ և կազմակերպություններ մեկը մյուսի հետևից փակվում էին, շատերի կողմից կար մտահոգություն՝ արդյո՞ք այս գործը կարող է հաջողվել: Հաշվի առնելով երկրում տիրող ներքաղաքական և տնտեսական իրավիճակը, որևէ բիզնես հիմնելը շատ առումներով նույնիսկ ռիսկային էր: Բայց հիմնադիրներն այդ ռիսկին գնացին, իսկ «Եվրոստան Ույուտ»-ն իր փորձով ապացուցեց, որ խելամիտ մոտեցումն աշխատանքին և գրագետ ռազմավարությունը նպաստում են ինչպես արագ դիրքավորվելու, այնպես էլ շուկայում մրցունակ դառնալու գործում:

Այն ժամանակ «Եվրոստան Ույուտ» ընկերության անվան ընտրության հարցում փորձ էր արվել անդրադառնալ Եվրոպա-Հայաստան կապին՝ ուղղված ընդգծելու առաջին անգամ մեր երկրում եվրոպական տեխնոլոգիաների, չափանիշների և գործելակերպի ներդրումը, և հենց այդ տեղանունների հապավումն էլ արտահայտված է «Եվրոստան Ույուտ» մեր բրենդային անվանման մեջ:

Մեր անունը մեզ համար շատ թանկ է, այն իր մեջ համախմբում է մեր նպատակը, ձգտումներն ու արժեքները։ Առ այսօր Հայաստանում շատերը որակյալ պատուհանները «եվրոստան» են անվանում՝ անկախ արտադրող կամ տեղադրող կազմակերպության անունից:

Այսօր «Եվրոստան Ույուտ» ընկերությունը Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտների առաջատարներից է՝ ծավալելով արտադրական, շինարարական, առևտրային և զբոսաշրջային գործունեություն: Հետահայաց գցելով 20-ից ավելի տարիներին, խոսենք ընկերության անցած ճանապարհի, ձեռքբերումների, նվաճումների և դժվարությունների մասին:

Համընթաց զարգացումն ապահովել ենք հետևողական և շարունակական աշխատանքի շնորհիվ: Մեզ համար մեծ պատասխանատվություն է լինել առաջատար որոշակի ծառայությունների մատուցման և նորագույն շինարարական տեխնոլոգիաների ներկրման առումով: Մեր գործունեությամբ նաև օրինակ և խթան ենք հանդիսացել նոր ձևավորվող ընկերությունների համար:

Ինչ վերաբերում է դժվարություններին, դրանք հիմնականում պայմանավորված են եղել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով և շինարարական ոլորտի անկման տեմպերով: Բայց այսպիսի խոսք կա. «Էլ ինչ բիզնես, եթե պատրաստ չէ դիմակայել ճգնաժամներին»: Եթե գործարարը պատրաստ չէ հաղթահարել դժվարությունները, ուրեմն իր աշխատանքն արդյունավետ չէ. նաև ճգնաժամերն են ստիպում ընկերություններին լինել ավելի ակտիվ, նորարար և մրցունակ:

Այսօր աշխարհը քայլում է նորարարական տեխնոլոգիաների ստեղծման և ներդրման ճանապարհով, թեպետ մեր ուղղությունը միշտ է դա եղել: Մեր ընկերությունն առաջինն է Հայաստանում ներկրել ինչպես եվրոպական շինարարական տեխնոլոգիաներ` ալյումին, մետաղապլաստե դուռ- պատուհաններ, ապակե կոնստրուկցիաներ և այլն, այնպես էլ՝ ներդրել եվրոպական շինարարական մշակույթը:

Շատ տարիներ առաջ, երբ ես դեռ ուսանող էի և հետաքրքրվում էի կահույքի արտադրությամբ, իմ ավագ ընկերներից մեկը, ով «Եվրոստան Ույուտ»-ի ճարտարապետներից էր, մի օր ինձ բոլորից գաղտնի բերեց այս կազմակերպության նոր բացված կահույքի արտադրամասը, որն իր աշխատանքի բնույթով և տեխնիկական հագեցվածությամբ ամբողջովին համապատասխանում էր եվրոպական չափանիշներին: Մեր երկրում նմանը դեռ չկար՝ չտեսնված բան էր… Ինձ համար, որպես սկսնակ մասնագետ, այդ արտադրամասը դարձել էր երազանք ու էտալոն, որին անընդհատ ձգտում էի։ Իսկ ամենավառ տպավորությունս այն էր, որ, չնայած հսկայական ծավալի արտադրանք տվող արտադրամաս լինելուն, այնտեղ անգամ փոշի չկար. այդպես էին հետևում մաքրությանն ու կարգ ու կանոնին:

Եվ ներկայում էլ «Եվրոստան Ույուտ»-ն ակտիվ և կայուն գործունեություն է ծավալում ժամանակակից շինարարական շուկայում՝ բարձրացնելով ծառայությունների որակը և կատարելագործելով տեխնիկական հնարավորությունները: Մենք նախագծում և կառուցում ենք փոքր Ճարտարապետական կառույցներ՝ կիրառելով ժամանակակից շինարարական լուծումներ: Ունենք տարաբնույթ արտադրամասեր, որտեղ մշակում ենք ծածկեր, ճաղաշարեր, մետաղական տարբեր կոնստրուկցիաներ: Մատուցում ենք կապիտալ շինարարական և ընթացիկ վերանորոգումների ծառայություններ՝ նախագծումից մինչև կահավորում:

Մեր ընկերության ճարտարագետները ժամանակին վերապատրաստումներ են անցել և կատարելագործել են իրենց մասնագիտական հմտություններն արտերկրում՝ նոր փորձը կիրառելով պրակտիկայում:

Բավականին հզոր ինտելեկտուալ պոտենցիալ ունի մեր թիմը, որը մեր շարժիչ ուժն է, այն թույլ է տալիս կատարել նույնիսկ ամենաբարդ առաջադրանքները, որոնցից շատ հաճախ հրաժարվում են մեր ոլորտի մյուս մասնագետները:

Դուք խոսեցիք ինտելեկտուալ ներուժի մասին, որո՞նք են մյուս հիմնական առավելությունները, որ մրցունակ են դարձնում «Եվրոստան Ույուտ» ընկերությունը:

Մեր լայն տեսականին, հագեցվածությունը ժամանակակից տեխնոլոգիաներով, արտադրանքի որակը, և ամենակարևորը՝ մեր լուծումները բավարարում են նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդներին:

Մեր աշխատակիցները նախևառաջ առաջարկում են խնդրի համալիր լուծում՝ հաշվի առնելով հաճախորդի յուրահատուկ պահանջը: Օրինակ, ապակեպատման գործընթացում կարևորում ենք կառույցի աշխարհագրական դիրքը, արևկողությունը կամ ստվերը, կլիման, աղմուկի մակարդակը և այլն:

Այսինքն՝ եթե պատվիրատուն որոշել է պատուհանները փոխարինել նորերով, նշանակում է՝ դրանով նա ցանկանում է ոչ միայն էսթետիկ, այլ խնդիրների շատ ավելի ֆունկցիոնալ լուծումներ ստանալ՝ ջերմամեկուսացման, լուսավորության, աղմուկի չեզոքացման կամ ուրիշ:

Իսկ ովքե՞ր են Ձեր հաճախորդները:

«Եվրոստան Ույուտ»-ի առաջին հաճախորդները եղել են արտասահմանյան կազմակերպություններ՝ դիվանագիտական կառույցներ, դեսպանություններ, միջազգային ընկերություններ, հետագայում սկսեցին դիմել նաև տեղական ընկերությունները: Աստիճանաբար հաճախորդների ցանկն ընդլայնվեց՝ սկսած նախագահական կառույցից մինչև բանկեր, կրթական համալիրներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ, ինչպես նաև ֆիզիկական անձիք: Տարիների ընթացքում մենք կարողացել ենք ձևավորել հավատարիմ հաճախորդների մեծ ընտանիք:

Աշխատանքներ ենք իրականացրել նաև Վրաստանում և Ռուսաստանում, ինչպես նաև Արցախի, Զվարթնոցի, Գյումրիի օդանավակայաններում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և այլն:

Մեզ վստահել են նաև Մատենադարանի նոր մասնաշենքի, Մոսկվայի տան և շատ այլ նշանակալի կառույցների ապակեպատումը: Վստահությունը հենց այնպես չի տրվում: Այն ձեռք է բերվում «Եվրոստան Ույուտ» կազմակերպության բոլոր օղակների քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

Խոսենք նաև Ձեր թիմի մասին:

Մենք այսօր հիանալի թիմ ունենք, մեր աշխատակիցներն ավելի քան 20 տարի է իրենց ոլորտի իսկական վարպետներ են:

Անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, վերապատրաստումներն ու ուսուցումը մեզ համար միշտ առաջնային են:

Մեր թիմում սիրով և պատրաստակամությամբ ներգրավում ենք նաև երիտասարդ կադրերի: Համադրելով երիտասարդների էներգիան մեր ավագ սերնդի փորձի հետ՝ շատ հետաքրքիր ու արդյունավետ աշխատելաոճ ենք ձևավորել:

Փաստորեն «Եվրոստան Ույուտ»  ընկերության գործունեությունը տարածվում է նաև Հայաստանի սահմաններից դուրս:  Խոսենք «Եվրոստան Ույուտ»  ընկերության տեղի և՛ արտերկրի գործընկերների, ինչպես նաև համագործակցության ծրագրերի մասին:

Ներկայում «Եվրոստան Ույուտ» ընկերությունն ունի ամուր և վստահելի գործարար կապեր աշխարհի խոշորագույն արտադրող ընկերությունների հետ, այդ թվում՝ հայտնի Schueco, Deceuninck, Gardian GLASS, Pilkington, AGC և այլ ընկերությունների, որոնք միջազգային շուկայի իրենց ոլորտների առաջատարներն են: Նախընտրում ենք ունենալ ոլորտում կարծիք ու գաղափար առաջարկող, որակի ստանդարտներ թելադրող,  նպատակ ու արժեք կիսող գործընկերներ։

Իսկ տեղական կազմակերպություններից արևային էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում համագործակցում ենք «THE OHM ENERGY» ընկերության հետ՝ սպառողին առաջարկելով և երաշխավորելով արևային կայանների բարձր որակ գերմանական արտադրողից, հուսալիություն և նոր ճարտարապետական լուծումներ:

Ինչպիսի՞ նոր պրոդուկտներ և ծառայություններ է առաջարկում «Եվրոստան Ույուտ» ընկերությունը:

Ունենք նորամուծություններ, որոնցից են կահույք-տրանսֆորմերը: Օրինակ` մահճակալը հեշտությամբ տեղավորվում է պահարանի մեջ և վերածվում մեծ գրասեղանի, կամ բազմոցը ձևափոխվում է երկհարկանի մահճակալի:

Ունենք սեղան-տրանսֆորմեր, որը փակված վիճակում շատ քիչ տեղ է զբաղեցնում սենյակում՝ ի շնորհիվ իր կոմպակտ չափսերի: Իսկ բացվելուց հետո վերածվում է մեծ 10-12 տեղանի ճաշասեղանի: Նույնիսկ տան տիկինը առանց որևէ դժվարության կարող է ինքնուրույն և հեշտությամբ բացել այն:

Կահույք-տրանսֆորմերը խելացի, պրակտիկ հայտնագործություն է, որը թույլ է տալիս խնայել փոքր սենյակների տարածությունը: Մեր նպատակն է հնարավորություն տալ հաճախորդներին մեկ արտադրատեսակի գնով 2 կամ ավել խնդիր լուծել, օրինակ՝ ձեռք բերել միաժամանակ և՛ բազմոց,  և՛ երկհարկանի մահճակալ:

Ունենք սմարթ լուծումներ` ապակիներ, որոնք օգտագործվում են թափանցիկ կոնստրուկցիաների համար, ինչպես օրինակ՝ պատուհաններ, դռներ և այլն, որոնք մեկ կոճակի սեղմումով փոխում են իրենց օպտիկական հատկությունները (թափանցիկություն, լույսի փոխանցում, ջերմության կլանում և այլն):

Մեր նորամուծություններից են նաև ավտոմատ դռների նոր մոդելները, էլեկտրական հեռակառավարման վահանակներով բացվող պատուհանները, բազմաֆունկցիոնալ, էներգախնայող ապակիները, ձայնամեկուսիչ ապակիները: Ավտոմատ դռները հնարավորություն են տալիս մուտք գործելու տարածք՝ բացելով դուռը մատնահետքով, կոդով, քարտով, հեռակառավարման վահանակով և այլն: Ավտոմատ դռներն ապահովում են նաև առանց կոնտակտի և հարմարավետ մուտք հասարակական վայրեր, ինչպես օրինակ՝ սուպերմարկետ, հիվանդանոց, սրճարան և այլն: Արդյունավետության տեսանկյունից ավտոմատ դռներն անփոխարինելի են այցելուների կառավարվող հոսք ունեցող տարածքների համար:

Որո՞նք են «Եվրոստան Ույուտ» . ընկերության  բիզնես սկզբունքները:

Ազնվություն, պատասխաանատվություն, մշտական զարգացում, մրցունակություն, կրեատիվ հնարամտություններ, արտադրատեսակների և ծառայությունների հասանելիություն, երաշխիք և բարձր որակ:

Եվրոստանը Հայաստանյան առաջին ընկերություններից է, որն իր գործունեության բարձր որակի համար արժանացել է ISO9001։2008, իսկ այս տարի նաև ISO9001։2015 համապատասխանության սերտիֆիկատի։ Այս ստանդարտը կազմակերպությանն ապահովում է մի շարք սկզբունքներով, որոնք երաշխավորում են բիզնեսի գործունեության կառավարման համար կենտրոնացված, տեղեկացված և գիտականորեն ապացուցված մոտեցում՝ հաճախորդի բավարարվածությունը ձեռք բերելու և ընթացիկ գործողությունների արդյունավետությունը բարելավելու համար։

«Եվրոստան-Ույուտ» ՍՊԸ-ի հիմնական սկզբունքը և նպատակը հաճախորդի բավարարվածությունն ապահովելն է, ինչն էլ հենց ամրագրված է այդ ստանդարտում։ ISO 9001-ի «Պլանավորել, Իրականացնել, Ստուգել, Գործել» հայեցակարգը հավաստիացնում է, որ հաճախորդի պահանջները քննարկվում և հաշվի են առնվում։ Ստանդարտի ընթացակարգերի համապատասխան ղեկավարության պարբերական վերլուծությունները թույլ են տալիս գնահատել կազմակերպության նախագծերի ռիսկերն ու խնդիրները և գտնել լավագույն լուծումները։

«Եվրոստան-Ույուտ» ընկերությունը ակտիվ է նաև սոցիալական պատասխանատվության հայեցակարգի շրջանակում: Կազմակերպությունն առաջինն է արձագանքել ՀՀ նախագահի կոչին` աջակցել հայրենիքի պաշտպաններին, ինչը բավականին ողջունելի է: Կխնդրեի ներկայացնել նախագծի մանրամասները:

Խնդիրը գլոբալ էր Հայաստանում: Լսելով նախագահի մտահոգությունը, մենք քննարկեցինք նաև այդ խնդրի կարգավորման տարբերակները. այն է՝ հայկական ընկերությունները միավորվեն և աջակցություն ցուցաբարեն  այդ հարցում:

Մեր ընկերության անունից վստահաբար ասում եմ՝ մենք պատրաստ ենք աջակցել բուժում ստացող զինվորներին շինարարական և ճարտարագիտական ոլորտների ժամանակակից և պահանջված մասնագիտությունների ձեռքբերման, իսկ հետո նաև աշխատանքի տեղավորման հարցում:

Մեր կազմակերպությունը Վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորների համար կիրականացնի 3ds Max, AutoCAD, Photoshop համակարգչային ծրագրերի եռամսյա ուսուցում, կկազմակերպի արտադրական պրակտիկա կահույքի արտադրության, այլումինե և մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրության, ապակու մշակման, կոփման ոլորտներում: Արտադրական պրակտիկայի կազմակերպումը մասնագետ կադրերի գործնական պատրաստման կարևորագույն փուլերից է: Պարտադիր ծրագրերից բացի նախագծի մասնակիցները ձեռք կբերեն աշխատանքի ինքնաներկայացման, CV-ի կազմման հմտություններ, աշխատանքի ընդունման նպատակով անցկացվող հարցազրույցների մասնակցության տեխնիկաներ, ինչպես նաև կծանոթանան խոշոր կազմակերպություններում կառավարչական գործընթացներում փաստաթղթերի ընթացակարգերի առանձնահատկություններին:

Մեր ընկերության թիմն արդեն հանդիպում է ունեցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկել ենք նախաձեռնության մանրամասներն ու հետագա անելիքները:

Կկազմակերպենք եռամսյա դասընթացներ, իսկ «Եվրոստան Ույուտում» նրանք կանցնեն ինտենսիվ արտադրական պրակտիկա: Մենք նրանց հնարավորություն կընձեռենք տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Եվ ամենակարևորը՝ մեր նպատակը հայրենիքի պաշտպաններին իրենց ոլորտի մասնագետ դարձնելն ու աշխատանքով ապահովելն է`լուծելով զբաղվածության սոցիալական խնդիրը:

Նշեմ, որ պիլոտային փուլից հետո, եթե ծրագիրը հաջողի, այն կարող է կրել շարունակական բնույթ, հատկապես, եթե մեզ միանան մեր գործընկերները տնտեսության տարբեր ոլորտներից։

Ուստի մեր կազմակերպությունը կոչ է անում հայաստանյան պետական եւ մասնավոր ընկերություններին միանալ այս անհրաժեշտ և պատվաբեր նախաձեռնությանը՝ միասնական ու արդյունավետ լուծումներ առաջարկելու նպատակով: