Հայաստանում դատապարտյալների՝ հարազատների հետ կապի պահպանման արգելքը պետք է սահմանափակվի: Այս մասին հունիսի 26-ին Խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ ազատազրկված անձինք, առաջին հերթին՝ ձերբակալվածները, պետք է ամուր կապեր պահպանեն ընտանիքի հետ եւ այդ միջոցը չպետք է որպես լրացուցիչ պատիժ կամ լրացուցիչ զրկանքներ պատճառելու մեթոդ կիրառվի: «Անընդունելի է, որպեսզի ընտանիքի հետ կապ պահպանելու արգելքը կիրառվի քննիչի որոշման հիման վրա: Մենք սկզբունքորեն նոր մոտեցում ենք առաջարկում, որն արդեն քննարկվել է Արդարադատության նախարարի հետ եւ շրջանառության մեջ են դրել համապատասխան օրինագիծը», - ասաց Օմբուդսմենը:

Նոր օրինագծի համաձայն՝ ընտանիքի անդամների հետ կապի պահպանման արգելքը ազատությունից զրկված անձանց նկատմամբ պետք է կիրառվի դատարանի կամ առնվազն դատախազի որոշմամբ: Բացի այդ, ազատազրկված մարդը պետք է կարողանա բողոքարկել հարազատների հետ հանդիպելու արգելքի կիրառման որոշումը: Ընդ որում, նման որոշումը պետք է  անընդհատ ենթակա լինի դատական կարգով վերանայման՝ անկախ նրանից՝ մտադիր է մարդն այն բողոքարկել, թե ոչ: «Մենք դեպքեր ենք արձանագրվել, երբ մարդիկ չեն տեսել իրենց ընտանիքների անդամներին ազատազրկման երկու տարվա ընթացքում: Սա շատ վտանգավոր է, քանի որ կարող է մարդուն ինքնասպանության հասցնել: Եվ, իհարկե, նման կարգավորող միջոցառումները հղի են կամայականությամվ»,- եզրափակեց արել Թաթոյանը: