Ոստիկանությունը 19-ամյա կիսամերկ տղամարդու է ձերբակալել, որն ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտայի Հարթսֆիլդ-Ջեքսոն միջազգային օդանավակայանում ցատկել է ինքնաթիռի թեւի վրա, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական WSB հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդը մեղադրվում է սահմանների անօրինական խախտման, անհարկի պահվածքի եւ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար:

Երեքշաբթի օրը կեսօրին կիսամերկ տղամարդն անհայտ պատճառներով ներխուժել է ինքնաթիռի վայրէջքի գոտի, ցատկել է շարժվող ինքնաթիռի թեւի վրա եւ սկսել է թակել օդանավի պատուհանները: Տղամարդը միայն ներքնազգեստով էր, ընդ որում, հագուստը գտնվում էր նրա ձեռքում: Միջադեպի ականատեսների կողմից արված տեսագրություններում երեւում է, թե ինչպես է տղամարդը քայլում ինքնաթիռի շուրջ եւ խոսում ինքն իր հետ:

WXIA հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ձերբակալվածը վազել է դեպի օդանավը, որը հենց նոր էր վայրէջք կատարել: Ինքնաթիռի ուղեւորները փակել են պահել արտակարգ ելքի դռները, որպեսզի թույլ չտան տղամարդուն ներս մտնել: