Առեւտրականները, որոնց արգելել են զբաղվել բացօթյա առեւտրով,  այսօր՝ դեկտեմբերի 26-ին, քաղաքապետարանի մոտ շարունակել են բողոքի ակցիան, որն արդեն մի քանի օր է շարունակվում: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Այս անգամ ոստիկանները նախապես շրջաափակել են  քաղաքապետարան տանող ճանապարհը՝ նրանց թողնելով դիմացի կոմայգում:  Չնայած առեւտրականների հավաստիացումներին, թե ոչինչ չեն վանկարկելու  եւ հանգիստ իրենց բողոքն են արտահայտելու, միեւնույն է ոստիկանները չհամոզվեցին: Ավելին, Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության ՊՊԾ գնդի հրամանատար  Վալերի Օսիպյանը նրանց հորդորում էր արեւի տակ չկանգնել նստել այգում տեղակայված նստարաններին, այդպիսով նրանց տեղափոխելով այգու խորքը: Իսկ  Երեւանի փոխոստիկանապետ  Ռոբերտ Մելքոնյանը («Բազազ» մականունով) անհատական զրույցների միջոցով բացատրում էր, որ այդ քայլով  իրենց հարցը չի լուծվելու, հակառակը ընդդիմության ջրաղացին ջուր են լցնում: Համազգեստավորները նույնիսկ նրանց  խորհուրդ էին տալիս գնալ երեկոյան միացնել լուրերն ու  համոզվել, որ իրենց հարցերն արդեն լուծված են, պարզապես  իրենք տեղյակ չեն ու  հավաքվում են քաղաքապետարանի դիմաց:

Ի դեպ առեւտրականները երեկ հայտարարել էին, որ այսօր բողոքի ակցիան իրականացնում են առեւտուր շոու կազմակերպելով, սակայն  դա տեղի չունեցավ:  Մեկ ժամ ոստիկանների հետ զրույցում սիրտը դատարկելուց հետո բացօթյա առեւտրով զբաղվողները շարժվեցին դեպի նախագահական նստավայր:

Նրանցից 4 մարդ հրավիրվել են նախագահական նստավայր, որտեղ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության աշխատակիցները առեւտրականներին առաջարկել են դիմում պատրաստել եւ հանձնել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը:

Բացօթյա առեւտրով զբաղվողները հենց տեղում սկսել են դիմում գրել, որը պետք է հանձնեն ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն: Նրանք խոստանում են շարունակել բողոքի ակցիաները: