Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ծովային հետազոտությունների ինստիտուտի գիտնականները արագ եւ կտրուկ կլիմայական փոփոխություններ են նկատել Բարենցի ծովի հյուսիսային հատվածում։ Նրանց կարծիքով, այդ տարածաշրջանը կորցնում է արկտիկական կլիմայի նշանները եւ մոտ ժամանակներս կարող է դառնալ ատլանտյան կլիմայական համակարգի մաս, փոխանցում է Natural Climate Change–ը։
Բարենցի ծովում տարբեր կլիմայական պայմաններով երկու շրջան կա։ Հյուսիսում սառը կլիմա է, նրա էկոհամակարգը կապված է սառցային ծածկույթի հետ, իսկ հարավում գերակշռում են ավելի մեղմ ատլանտյան պայմանները։ Այս տարբերությունը ձեւավորվել է այն պատճառով, որ ծովի հարավային հատված են մուտք գործում Ատլանտիկայի տաք աղի ջրերը, իսկ հյուսիսում՝ Արկտիկայի քաղցրահամ ջրերը։ Գիտնականների դիտարկմամբ՝ ամեն տարվա հետ սառը ջրերը ավելի ու ավելի են զիջում հյուսիսում ատլանտյան ջրերի ճնշման պատճառով։
Գիտնականները հաշվարկել են, որ այս գործընթացում գլխավոր դերը խաղում են ջրային շերտերի ստրատիֆիկացիան քաղցրահամ ջրի աստիճանական նվազման պատճառով, որը մուտք է գործում Բարենցի ծով սառույցների հալման պատճառով։ Հետազոտողները եկել են եզրահանգման, որ քաղցրահամ ջրի նվազեցումը բերել է նրան, որ Արկտիկայում «տաք բիծ» է առաջացել, որը անխուսափելիորեն աղետալի ազդեցություն կգործի Բարենցի ծովի էկոհամակարգի վրա։





























