12 ազատամարտիկներ, իրենց ընտանիքներով ապրիլի 5-ին բնակություն են հաստատել Մուրացան 110 հասցեում գտնվող՝ ՊՆ-ի նախկին ռազմաբժշկական շենքում, որը վաղուց լքված է: Բնակություն հաստատելցուց երկու օր անց շենքերը հոսանքազրկվել ու ջրազրկվել են: Կառավարության նիստից առաջ ազատամարտիկները բողոքի ակցիա էին իրականացնում , հորդորելով կառավարությանը, լուծել ազատամարտիկների բնակարանային խնդիրները կամ ժամանակավոր կացարաններում ապահովել բնակության համար պատշաճ պայմաններ:
«12 ազատամարտիկ` ընտանիքներով, ապրիլի 5-ից բնակություն ենք հաստատել ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող շենքում: Այդ շենքը լքված է 2005թ.-ից, ավերված, 2 օր չենք հասցրել ապրել այդ շենքում, ջուրն ու հոսանքն անջատվել է: Մեր խնդրանքը հարգարժան վարչապետին այն է, որ գոնե հոսանքն ու ջուրն իր միջնորդությամբ միացվի: Պետք է թույլ տան, որ դառնանք բաժանորդ, պարտավորված կերպով վճարումները կանենք»,-ասաց «Հայրենյաց պաշտպան» ազատամարտիկների միավորման ղեկավար Մանվել Խաչատրյանը:
Նրա խոսքով, տարիների ընթացքւմ բազմաթիվ ազատամարտիկների սոցիալական խնդիրների մեղմացման համար ոչինչ չի արվել, անգամ հաշմանդամության կարգը տրվել է կա´մ հայեցողական մոտեցմամբ, կա´մ էլ կաշառքով. «Բայց ժողովուրդը չի հիասթափվել և շարունակում է անջուր ու մութ պայմաններում ապրել»:
Խաչատրյանը նշեց, որ քիչ առաջ ազատամարտիկներին տեղեկացրել են, որ իրենց բարձրացրած խնդիրը կլուծվի:





























