ՍԱՊԾ-ն հորդորում է պտուղ-բանջարեղեն արտահանողներին պահպանել կանոնակարգերի պահանջները:

Այս առնչությամբ, ՍԱՊԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հաշվի առնելով, որ շարունակվում է գյուղատնտեսական ապրանքների արտահանման շրջանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը եւս մեկ անգամ հորդորում է արտահանողներին լինել հնարավորինս ուշադիր՝ հետեւել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման, ինչպես նաեւ բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը:

ՍԱՊԾ-ից հիշեցնում են, որ Հայաստանից դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետեւյալ տեղեկատվությունը՝

• ծագման երկիրը,  

• ապրանքի անվանումը,

• արտադրողի անվանումը եւ հասցեն (իրավաբանական եւ գործունեության),

• արտահանողի անվանումը եւ հասցեն,

• ստացողի անվանումը եւ հասցեն,

• պահման ժամկետը, ջերմաստիճանը:

Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից:

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանվող թարմ  պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մաքսային ձեւակերպումների համար անհրաժեշտ է ունենալ հետեւյալ փաստաթղթերը՝

• արտահանման հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր, որտեղ նշվում են ապրանքն արտահանողի եւ ստացողի (ԵԱՏՄ անդամ երկրի ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր) անվանումները, հասցեները, ՀՎՀՀ-ն, ապրանքի նկարագիրը, քանակը, քաշը, արժեքը,

• տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը (CMR),

• ապրանքների ձեռքբերման փաստաթուղթը, բացակայության դեպքում` փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման եւ (կամ) տնօրինման իրավունքը,

• Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրամադրվող անվտանգության կամ բուսասանիտարական հավաստագիրը, որը, վերը նշված պայմանների պահպանման դեպքում, տրամադրվում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում,

• խմբաքանակի առեւտրային փաստաթղթերից որեւէ մեկի վրա «Товары Евразийского экономического союза» նշման առկայություն՝ հաստատված մատակարարի կամ փոխադրողի կողմից:

Այլ երկրներ արտահանելիս՝ ներմուծող երկրի պահանջի դեպքում, անհրաժեշտ է ունենալ նաեւ արտադրանքի ծագման երկրի հավաստագիր, որը տրամադրվում է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի կողմից առանց փորձաքննության, դիմումի ստացման օրվանից 1-օրյա ժամկետում։

Բուսասանիտարական հավաստագրի տրամադրման, փաթեթավորման եւ մակնշման հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն, կամ պարզաբանում ստանալու համար զանգահարեք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գծին (012)90-60-90 եւ (010)20-60-40 հեռախոսահամարներով կամ գրեք պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected], կամ այցելեք Ծառայության սպասարկման կենտրոն։