«Գազպրոմի» գազի արտահանումը հեռավոր երկրներ առաջին կիսամյակում վստահորեն հասել է 100 մլրդ մետր խորանարդի, իսկ ամբողջ 2018 թվականի արդյունքում կարող է հասնել շուրջ 200 մլրդ մետր խորանարդի։ Այս մասին «Գազպրոմի» բաժնետերերի հանդիպմանը հայտարարել է կոնցեռնի վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«2018 թվականի առաջին արդյունքները ցույց են տալիս, որ «Գազպրոմի» մատակարարումների աճը դեպի եվրոպական երկրներ շարունակվում են։ Նախնական տվյալներով, 2018 թվականի առաջին կիսամյակում մենք այդ շուկային ենք մատակարարել 101.2 մլրդ մետր խորանարդ գազ։ Սա 5.7 տոկոսով կամ 5.5 մլրդ մետր խորանարդով գերազանցում է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ռեկորդային ցուցանիշը»,–ասել է նա։
Վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը հնարավոր է համարել, որ արտահանումը կարող է 200 մլրդ մետր խորանարդից էլ ավելին լինել։ Բացի այդ, թոփ մենեջերը հավելել է, որ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում հաշվի առնելով, որ Եվրոպայում ներքին արդյունահանումը նվազում է, իսկ «Գազպրոմի» պարագայում աճում, ապա ընկերությունը շատ լավ ներուժ ունի արտահանումն այդ ցուցանիշից ավելին հասցնելու։
2017 թվականին «Գազպրոմը» արտահանել է 194.4 մլրդ մետր խորանարդ գազ։




























