Շատ անդամներ կան ԵԿՄ–ում, որոնք իրենց պահելաձեւով ոչ մի դրական բան չեն ավելացրել ԵԿՄ–ին, բայց այդ մարդիկ ռազմի դաշտում մեծ ներուժ ու ներդրում են ունեցել, որը ոչ ոք չի կարող ժխտել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Նա կարծիք հայտնեց, որ չի համարում, որ ԵԿՄ–ն արտոնյալ կարգավիճակ է ունեցել. «Մարդը, որը 65 տարեկանում գնում է դիրքեր եւ ԱԹՍ–ով ռմբակոծում եւ սպանում են նրան, այդ մարդը արտոնյալ չէ, նա իր կյանքի գնով գնում է իմ ու ձեր տունը պաշտպանելու։ Արտոնյալ եղել են մարդիկ, որոնց արտոնություն են տվել իշխանությունները՝ նրանց միջոցով այդ թիմը իրենցը դարձնելու համար, նաեւ այդ թիմով իրեն ապահոված զգա։ Անկախ կառավարման ձեւից՝ կոլեգիալ եւ միանձնյա այդ իշխանության պարագայում այդպես էր լինելու։ Երբ ծառը հիվանդ է, պտուղներն էլ են հիվանդ, սակայն դա չի նշանակում, որ ծառը կտրել է պետք, պետք է այն բուժել»,-ընդգծեց Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, պետության հետ համագործակցության բազմաթիվ մոդելներ կան, որը չի նայվում միայն ֆինանսական առումով. «ԵԿՄ ֆինանսավորումը եղել է բիզնես շրջանակների կողմից։ Վազգեն Սարգսյանի օրոք ԵԿՄ–ն 31 վարչության անդամ է ունեցել, հիմա 170 անդամ ունի, նրանց մեծ մասը ներդրումներ անողներ են։

Օրինակ, ով կարող է ժխտել Սեյրան Օհանյանի ներդրումը։ Պաշտպանության նախարար եղած ժամանակ բազմաթիվ հարցեր են եղել, բայց իր արած սխրանքը կասկածի տակ դնել չի կարելի»: