Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր՝ հունիսի 30-ին ընդունել է ՀՀՊ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի գլխավորած պատվիրակությունը։
Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պետական նախարարը ողջունել է Մ. Թանդիլյանին նախարարի կարգավիճակով առաջին անգամ Արցախ այցելելու կապակցությամբ՝ բարձր գնահատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Արցախի կառավարության միջեւ տարիներ ի վեր ձեւավորված համագործակցության մակարդակը։
Գ. Մարտիրոսյանը նշել է, որ հայկական երկու հանրապետություններում վարվող ընդհանուր քաղաքականության սկզբունքի շրջանակներում կարեւորում է համաչափ զարգացման անհրաժեշտությունը՝ տեղեկացնելով, որ ՀՀ-ում սկսված բարեփոխումները իրականացվելու են նաեւ Արցախում։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մ. Թանդիլյանը նշել է, որ Արցախի հետ համատեղ իրականացվող բոլոր ծրագրերը շարունակվելու են։ Նրա խոսքերով՝ այցելության ընթացքում ԱՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործընկերների հետ նախատեսված են համագործակցության տիրույթում ընթացիկ հարցերի քննարկման եւ դրանց արդյունավետության բարձրացման մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախում կենսաթոշակային համակարգի զարգացման, ինչպես նաեւ բնակչության սոցիալական պաշտպանության արդյունավետության եւ սոցիալական աջակցության հասցեականության բարձրացման նպատակով հանրապետությունում «Արցախ» համակարգի ներդրման հետ կապված հարցեր։
Հանդիպմանը ներկա էին ԱՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք։





























