Մեր հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա: Այս մասին այսօր` հուլիսի 1-ին, լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ամուլսարի խնդրին:
«Մեր հետագա որոշումները պետք է հիմնված լինեն փաստերի վրա, անհերքելի փաստերի վրա: Մենք այդ փաստերի հավաքագրման ճանապարհին ահագին առաջ ենք գնացել, եւ վերջնական եզրակացությունը կլինի»,- նշեց վարչապետը։
Հարցին, թե ընկերությունն ասում է՝ վնասներ են կրում եւ պատրաստվում են դատական կարգով լուծել խնդիրը, Փաշինյանն արձագանքեց. «Դա ցանկացածի որոշումն է»:
Նշենք, որ վայոցձորցիներն արդեն 9-րդ օրն է՝ փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք բողոքում են հանքի շահագործման դեմ եւ պահանջում են դադարեցնել աշխատանքները: Քաղաքացիների խոսքով՝ հանքի շահագործումը վտանգավոր է հասարակության եւ շրջակա միջավայրի համար: Վտանգի եւ ռիսկերի մասին նաեւ Հայաստան ժամանած միջազգային փորձագետներն են խոսել: Նրանք հայտարարել են, որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը պետք է մաքրող կայան կառուցի, հակառակ պարագայում թթվային դրենաժի հնարավորություն կա, ինչը լուրջ ռիսկեր է պարունակում։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, անդրդրվելի է. մի քանի օր է՝ ցույցեր են անում նաեւ ընկերության աշխատակիցները՝ պահանջելով չխանգարել իրենց աշխատանքին: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով արդեն իսկ 3.5 միլիոն դոլարի վնաս են կրել: Ընկերությունը մտադիր է դիմել դատարան:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով աշխատանքային խումբ է ձեւավորվելու՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ:




























