Հուլիսի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն անդրադարձավ բարձր ջերմային ֆոնով պայմանավորված հրդեհների առաջացման խնդրին եւ ձեռնարկվող միջոցառումներին: Ծառայության տնօրենը նշեց, որ օրերս Հայաստան-Նախիջեւան սահմանին բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 100հա խոտածածկ տարածք, բայց հրշեջ-փրկարարներին հաջողվել է վերահսկել կրակը եւ կանխել դեպի անտառածածկ տարածքներ հասնելը: Տվյալ պահին իրավիճակը վերահսկվում է: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել նաեւ Պաշտպանության նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները:

Անդրադառնալով հաշվետու ժամանակահատվածում գրանցված այլ հրդեհների՝ գնդապետ Նահապետյանը նշեց, որ Կոտայքի մարզում գրանցվել է 40 հրդեհ, որից 4-ը սպասարկվել է Երեւանի հրշեջ-փրկարարական ուժերով: Հրդեհների առաջացման պատճառ է հանդիսացել նաեւ  հանգստի վայրերում քաղաքացիների անզգույշ վարքը: