ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հուլիսի 2-ին ընդունել է «Access» ընկերության գործադիր տնօրեն Վահիդ Ֆոթուհիին:

Քննարկվել են հողմային էներգետիկայի  զարգացման  հնարավորություններն ու  հեռանկարները:

Արթուր  Գրիգորյանը,  խոսելով վերականգնվող  էներգետիկայի  բնագավառի առաջնահերթություններից, կարևորել է հողմային կայանների  կառուցումը և նշել, որ պատրաստակամ է քննարկել  ներդրումային այն առաջարկներն ու նախագծերը, որոնք  նոր թափ  կհաղորդեն ծրագրի իրականացմանը:

Կողմերն անդրադարձել են «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության կողմից Գեղարքունիքի մարզում 130 ՄՎտ գումարային հզորության հողմային էլեկտրակայանի կառուցման ծրագրին։

Վահիդ Ֆոթուհին իր գոհունակությունն է հայտնել քամու ռեսուրսի չափումների արդյունքից և նշել, որ Հայաստանում հողմային կայաններ կառուցելու նպատակով «Access» ընկերությունը  պատրաստակամ է 200 միլիոն դոլարի ներդրում կատարել՝  ծրագիրը տարածելով  մյուս մարզերում ևս:

Նախարար Գրիգորյանը նշել է, որ փոխշահավետ գործակցության համար դրվել է ամուր հիմք և ստեղծվել  են բարենպաստ պայմաններ Հայաստանում «Access» ընկերության առաջիկա ներդրումները արդյունավետ կերպով իրականացնելու համար: