ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պատվիրակությանը` արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունները։
Նախարարը հույս է հայտնել, որ արդյունավետ փոխգործակցության շնորհիվ հայ-ռուսական բազմամյա տնտեսական հարաբերություններն առավել կամրանան։
Որպես արտաքին առեւտրաշրջանառության ակտիվացման լավ օրինակ՝ նախարարը նշել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կողմից անցած տարվանից կազմակերպվող լաստանավային, ապա երկաթգծով` մուլտիմոդալ բեռնափոխադրումները։
Աշոտ Հակոբյանի խոսքով` գործընթացի մեկնարկից ի վեր այս տարբերակով բեռնափոխադրման ծավալներն զգալի աճել են։
Քննարկվել են նաեւ նախարարության գործունեության մյուս ոլորտներին առնչվող` այդ թվում տիեզերական տարածության շուրջ հետազոտման եւ խաղաղ նպատակով օգտագործմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ուղղությունները։





























