2018 թ. ամառային զորակոչի ընթացքում ավելացվել է զինծառայության նոր տարբերակ՝ ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ): Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի Կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը՝ հավելելով, որ ծառայության այդպիսի տեսակի մասին որոշումը (թիվ 404 որոշում) կառավարությունը կայացրել է այս տարվա ապրիլին:
Նրա խոսքով, այսուհետեւ ԾՀՕԿ տարբերակով ծառայության կզորակոչվեն առողջական որոշ խնդիրներ ունեցող զորակոչիկները՝ գիշերամիզություն ունեցողները, թերքաշայինները (նորմայից 2 կգ պակաս լինելու դեպքում՝ 43-45 կգ), գերքաշայինները (նորմայից 4 կգ ավել լինելու դեպքում) ու հեմոգլոբինի ցածր կամ բարձր մակարդակ ունեցողները:
«Այս պահին արդեն ունենք 5 զինակոչիկ, որոնք արդեն վիճակականվել են տվյալ թմբուկից եւ նախորոշվել են: Նախարարի հրամանով այս պահին ոչ ամբողջ զինված ուժերն են ընդգրկված: Այդ կատեգորիայի տակ, հնարավոր է, որ այս զորակոչին լինեն 70-100 զինակոչիկ: Ելնելով դրանից, կառուցվածքային փոփոխություններ են կատարվել: Տվյալ կատեգորիայի հաստիքներ գոյություն ունեն տարբեր զորամասերում եւ վիճակահանության կարգով հավասարաչափ է կատարվելու բաշխումը»,-ասաց Քոչունցը՝ հավելելով, որ մինչ այս հրամանը՝ նմանատիպ խնդիրներ ունեցող զորակոչիկներն ազատվում էին զինծառայությունից կամ թաքցնում էին իրենց խնդիրներն ու ծառայում էին գաղտնի:
«Նախկինում զորակոչվելու շեմը 45 կգ էր, դրանից ցածր քաշ ունեցողները չէին ծառայում, իսկ այս որոշումից հետո 43-45 կգ քաշով երիտասարդները նույնպես կզորակոչվեն՝ ծառայելով Ծառայության հեշտացված օրվա կարգացուցակով: Նրանք ծառայելու են միայն անցագրային կետում»,- ասաց գեներալ-մայորը:
Նրա խոսքով, գիշերամիզություն ունեցողների համար հատուկ պայմաններ են ստեղծված. «Նրանք ծառայությունն իրականացնելու են հոսպիտալային օղակում, այնտեղ որտեղ նա կարողանա լողանալ, մաքրվել, նրանց նաեւ տրվելու են ներքնակներ, մենք ապահովելու ենք հիգիենան, որ ընկճված չզգա: Ինքը չի ծառայելու ընդհանուրի հետ, որ իրենց վատ զգա»,-հայտարարեց Քոչունցը:
Հաջորդ կատեգորիան հեմոգլոբինի ցածր կամ բարձր մակարդակ ունեցողներն են, որոնք նույնպես ծառայելու են անցագրային կետերում:
Այս տարբերակով, ըստ Քոչունցի, ծառայության անցած տղաները յուրաքանչյուր 6 ամիսը մեկ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստի ժամանակ կանցնեն վերափորձաքննություն:
Կառավարության այս նոր որոշման համաձայն, այն քաղաքացիները, ովքեր այս նույն խնդիրների պատճառով զինծառայության տարկետում են ստացել եւ դեռեւս զորահավաքային տարիքում են՝ տարածվելու է նաեւ նրանց վրա:





























